четверг, 19 декабря 2024 г.

Սյուզան Վոյցեխովսկի «Պարոն Թումիի Սուրբ ծննդյան հրաշքը»

Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Թումի, այդպես էին նրան անվանում։  Պարոն Ջոնաթան Թումի։ Բայց գյուղի երեխաները նրան պարոն Խոժոռ էին անվանում։  Ծաղրելը, իհարկե, լավ չէ, բայց ճիշտն ասած, այդ մականունը նրան սազական էր։ Պարոն Թումիի մռայլ դեմքին երբեք ժպիտ չկար, և, առավել ևս, ոչ ոք երբեք չի լսել նրա ծիծաղը։ Նա միայն տխուր փնթփնթում էր, զայրացած մռթմռթում, դժգոհ քրթմնջում ու քթի տակ ինչ-որ անհասկանալի բան մրմնջում։ Միշտ ինչ-որ բան կար, որ նյարդայնացնում էր նրան։ Կամ զանգերն են անվերջ ղողանջում ու հանգիստ չեն տալիս, կամ թռչուններն էին աներեսորեն ծլվլում, կամ երեխաներն էին աղմկում ու անդադար բլբլում։

Պարոն Թումին զբաղվում էր փայտի փորագրումով և հայտնի էր որպես լավագույն փորագրիչ ամբողջ տարածքում։ Ամբողջ օրը նա նստում էր աշխատասեղանի մոտ՝ փորագրելով բարդ կերպարներ սոճու գերանների, ընկույզի չորսունների և շագանակի կտորների վրա։ Իսկ ընթրիքից հետո նստում էր բուխարու մոտ՝ բարձր ուղիղ մեջքով աթոռի վրա, ծխամորճ ծխում էր և նայում կրակի թրթռացող բոցերին։

Ջոնաթան Թումին ընդհանրապես ծեր չէր, բայց եթե նրան հանդիպեիք փողոցում, հավանաբար կմտածեիք, որ բախվել եք ծերունու։ Նա ծանր էր քայլում՝ քստքստացնելով ոտքերը և մռայլ նայելով դրանց։ Երբեք գլուխը չէր բարձրացնում, այլապես կտեսնեիք նրա զարմանալիորեն պարզ օգոստոսյան երկնքի գույնի աչքերը։ Իսկ ամբողջ դեմքը, մինչև աչքերը, պատված էր բրդոտ, փնջոտ մորուքով, որի մեջ խրված էին փայտի տաշեղները և նրա խղճուկ նախաճաշի մնացորդները՝ հացի փշրանքները և խաշած կարտոֆիլի կտորները։

Գյուղում ոչ ոք գլխի չէր ընկնում, թե ինչու էր պարոն Թումին այդքան մռայլ և մարդախույս փնթփնթան, ինչու էր նա միշտ կորացած, կռացած, ասես անտեսանելի, աննկարագրելի ծանրություն էր նրան ցած  քաշում։ Իրականում, մի քանի տարի առաջ, երբ Ջոնաթան Թումին երիտասարդ և կյանքով լի էր, տեղի ունեցավ դժբախտություն՝ նրա կինը և փոքրիկ որդին հիվանդացան: Այն ժամանակ բժիշկներն այնքան էլ հմուտ չէին, և լավ դեղամիջոցներ ունեին ավելի քիչ, քան հիմա։ Երեք օր անց սիրելի կինն ու երեխան մահացան։ Ջոնաթան Թումին մնաց միայնակ, միայնակ ամբողջ աշխարհում։ Նա շատ էր վշտանում, բայց ոչինչ հնարավոր չէր փոխել։ Նա իր պարզունակ իրերը հավաքեց ծածկված ֆուրգոնի մեջ և ճամփորդեց այնքան, մինչև դառը արցունքները չորացան նրա աչքերում։ Նա կանգ առավ առաջին հանդիպած գյուղում, բնակություն հաստատեց ծայրամասում գտնվող մի ցածր տնակում և շարունակեց անել այն, ինչ անում էր նախկինում՝ փայտ  փորագրել։

Եվ ահա մի օր՝ դեկտեմբերի սկզբին, պարոն Թումիի դուռը թակեցին։ Իր մշտական փնթփնթոցով շարժվեց դեպի դուռ։ Շեմքին կանգնած էին մի կին ու փոքրիկ տղա։

— Ես այրի Մակդաուելն եմ, — երկչոտությամբ ասաց կինը: -Իսկ սա իմ որդի Թոմասն է։ Մենք վերջերս ենք բնակություն հաստատել այստեղ:

— Ես արդեն յոթ տարեկան եմ և կարող եմ սուլել, — պարծանքով ասաց Թոմասը:

— Ժամանակի զուր վատնում ,- մրթմրթաց Ջոնաթանը:

-Դուք փորագրիչ եք, չէ՞, — հարցրեց կինը: — Ես ուզում եմ ձեզ խնդրել, որ ինչ-որ բան պատրաստեք մեզ համար:

Եվ նա պատմեց, որ մանկուց ուներ փայտե ամանորյա արձանիկներ, որոնք փորագրել էր իր պապը:

—  Տեղափոխության ընթացքում դրանք կորան, — բացատրեց այրին:

— Իսկ ինչպիսի՞ արձանիկներ կային։

-— Ոչխարիկ, — սկսեց հիշել այրին:

-— Գանգուրներով երկու ոչխարիկ, — ուղղեց Թոմասը:

— Ճիշտ է, երկու, — համաձայնեց կինը: — Նաև կով, հրեշտակ: Մարիամը, Հավսեփը, մանուկ Հիսուսը…
— Եվ երեք իմաստունները, — ավելացրեց Թոմասը:

— Ուրեմն կպատրաստե՞ք, — անվստահ հարցրեց այրի Մակդաուելը։

— Ես կփորձեմ, — մռայլ պատասխանեց Թումին:

— Օ՜, ես ձեզ այնքան շնորհակալ կլինեմ, — ուրախացավ կինը։ — Իսկ ե՞րբ պատրաստ կլինեն։

— Երբ պատրաստ կլինեն, այն ժամանակ էլ կլինեն, — պատասխանեց փնթփնթալով:

— Բայց դրանք մեզ պետք են Սուրբ Ծննդին: Ի՞նչ Սուրբ Ծնունդն առանց նրանց:

—  Պարզապես փոքրիկ տիկնիկներ են: Սուրբ Ծնունդն առանց նրանց էլ կգա,- մրմնջաց Ջոնաթանը և շրխկացրեց դուռը:

Հաջորդ առավոտ փորագրիչի դուռը կրկին թակեցին։ Դժգոհ խռմփացնելով, նա շրջվեց դեպի դուռը։ Շեմին կանգնած էին այրի Մակդաուելը և Թոմասը:

— Ներեցեք, — շփոթված ասաց կինը: — Բայց Թոմասը պարզապես աղաչեց ինձ գալ ձեզ մոտ և տեսնել, թե ինչպես եք աշխատում: Ասում է՝ երբ մեծանա, ինքն էլ փայտի փորագրիչ կդառնա։

— Ես կնստեմ շատ անաղմուկ, կարծես չկամ։ Խնդրում եմ, խնդրում եմ, — քաշեց Թոմասը:

Պարոն Թումին ինչ-որ բան մրթմրթաց մորուքի տակ և մի կողմ քաշվեց՝ նրանց տուն թողնելու համար։

— Միայն լուռ կնստես, առանց խոսելու, — հրամայեց նա Թոմասին՝ ցույց տալով աշխատասեղանի կողքին գտնվող ցածր աթոռակը։

Այրին, երախտապարտ ժպիտով, փորագրիչին տվեց մաքուր քուրջի մեջ փաթաթված տաք եգիպտացորենի հաց, պայուսակից հանեց գործելիքը և ընկղմվեց հեռու կանգնած հին ճոճաթոռի մեջ։

—  Ո՜չ այնտեղ։ Այնտեղ նստել չի կարելի, — հանկարծ գոչեց Ջոնաթանը՝ զայրացած հայացք նետելով նրա վրա:

Այրին վախից վեր թռավ և նստեց իրեն մատնանշած բարձր թիկունքով աթոռին։

Թոմասը նստած էր անշարժ։ Նա անվերջ լռում ու համբերում էր, իսկ հետո խորը շունչ քաշեց ու ծվալ ձայնով ասաց.

— Պարոն Թումի, կարո՞ղ եմ հարցնել:

Փորագրիչը ունքերի տակից նայեց Թոմասին, ուսերը թոթովեց և մռնչաց։ Տղան որոշեց, որ դա նշանակում է «այո», և համարձակվելով շարունակեց.

— Ոչխարի՞կ եք փորագրում:

Փորագրիչը զայրացած կիտեց հոնքերը և ինչ-որ անլսելի բան մրթմրթաց։

Նորից լռություն տիրեց։ Թոմասը մի պահ սպասեց և շշնջաց.

— Պարոն Թումի, ձեր ոչխարիկըը սխալ է:

Այրի Մակդաուելի գործվածքի շուղերը, որոնք մինչ այդ ռիթմիկ կտտացնում էին, կտրուկ ձայն հանեցին ու սառեցին։ Դանակը անշարժացավ Ջոնաթան Թումիի ձեռքում։ Իսկ Թոմասն այլևս չկարողացավ կանգ առնել։

—  Ձեր ոչխարն, իհարկե, գեղեցիկ է, բայց իմ ոչխարիկը  նաև ուրախ էր։

—  Ոչխա՛րը մնում է ոչխա՛ր, — փռթկաց Միստր Թումին։ — Ոչխարները չեն կարող ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ տեսք ունենալ:

— Իսկ իմը կարող էին, — համառորեն պնդում էր Թոմասը։ — Նրանք մանուկ Հիսուսի կողքին էին, և դա նրանց համար երջանկություն էր:

Փորագրիչը ոչինչ  չպատասխանեց։ Եվ երբ երեկո եկավ, և եկեղեցու զանգը խփեց վեց անգամ, միստր Թումին փնթփնթաց, որ այս ղողանջյունից  հանգստություն  չկա, և մի կողմ դրեց իր աշխատանքը։

Այրին Մակդաուելը մի կողմ դրեց իր գործվածքը և ոտքի կանգնեց: Թոմասը թեթևորեն ուղղեց իր թմրած ոտքերը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին տիրոջը և հեռացան։

Իսկ փորագրիչը նորից նստեց աշխատասեղանի մոտ և վերցրեց փայտե ոչխարիկն ու դանակ։ Տաշեղը ոլորվում  ու ընկնում էր նրա ոտքերի մոտ, իսկ նա աշխատում ու աշխատում էր, մինչև աչքերը չսկսեցին փակվել։

Անցավ մի քանի օր։ Միստր Թումիի դուռը կամացուկ թակեցին։ Ձանձրալի մռնչոցով նա գնաց դեպի թակոցը։ Նրա դիմաց կանգնած էին այրի Մակդաուելը և նրա որդին։

— Կարո՞ղ եմ գոնե մի փոքր էլ նայել, — հարցրեց Թոմասը: — Եվ լուռ կնստեմ, — խոստացավ նա:

Առանց պատասխանի սպասելու, տղան արագ սլացավ դեպի աթոռակը, քարացավ՝ կծիկ դառնալով։ Իսկ նրա մայրը սեղանին դրեց թարմ թխած, քաղցր չամիչով բլիթներով լի զամբյուղ ։

— Թեյնիկը տաք է, — ասաց Ջոնաթանը առանց նրան նայելու:

Եվ նրա բրդոտ գլուխը կռացավ գործի վրա։

Փորագրիչը տաշում էր։ Տղան, առանց աչքը թարթելու, հետևում էր նրա աշխատանքին։ Իսկ այրի Մաքդաուելը, թեթևակի թխկթխկացնելով սպասքը, թեյ էր լցնում և տաք բլիթներ էր դնում ափսեների վրա։ Նա թեթև դիպավ աշխատանքով տարված Ջոնաթանին և նրա առջև դրեց թեյ և բուլկի։ Նա կարծես ոչինչ չնկատեց, բայց շուտով բաժակն ու ափսեն դատարկվեցին։

Թոմասը բերանը լիքը լցրեց բուլկով և փորձում էր լուռ կուլ տալ քաղցր, կպչուն խառնաճարակը։ Բայց հնարավո՞ր է յոթ տարեկանում չամիչով համեղ բուլկի ծամել առանց ճպճպացնելու և հաճույքից չծպպացնել:

Վերջապես Թոմասը վերջացրեց իր բուլկին և նորից լռեց։ Մի անգամ, սակայն, նա գրեթե զկռտեց, բայց շրթունքները ամուր սեղմեց, շունչը պահեց և այտերը այնքան ուռցրեց, որ քիչ էր մնում պայթեր։ Մեկ այլ անգամ, մոռանալով, նա սկսեց ոտքը ճոճել, բայց փորագրիչի խիստ հայացքի տակ անմիջապես քարացավ։ Իսկ ոտքը այդպես սառեց օդում, կարծես փայտից լիներ։

Լռությունը շատ երկար տևեց, և Թոմասը չդիմացավ։

— Պարոն Թումի, — շողոքորթաբար սկսեց նա, — կարելի՞ է հարցնել։

Պատասխանը խուլ մռթմռթոց էր։

— Կո՞վ եք փորագրում, — հարցուփորձ էր անում տղան:

Լուռ գլխով շարժում։

— Կովը գեղեցիկ է, շատ գեղեցիկ, — ջղաձգորեն կուլ տվեց Թոմասը: — Միայն նա… դուք, պարոն Թումի, մի զայրացեք… նա սխալ է: Իմը հպարտ էր.

— Դա անհեթեթություն է,— խոժոռվեց փորագրիչը։ — Էլ ի՞նչ հպարտություն: Կովը կով է:

— Իսկ իմ կովը հպարտ էր: Նա գիտեր, որ Հիսուսը ծնվել է իր ախոռում։ Մի՞թե դա հպարտանալու բան չէ:

Թոմասը այդպես էլ պատասխան չստացավ։ Նրանք լուռ մնացին մինչև երեկո։ Միայն փորագրիչի դանակն էր ճռնչում փայտի վրա, կտկտում էին այրի կնոջ շուղերը, և լսվում էր տղայի զուսպ փսփսոցը։

Երբ եկեղեցու զանգակատանը խփեց ժամը վեցը, պարոն Թումին ուղղվեց և ինչ-որ բան մռթմռթաց մորուքի տակ նյարդայնացնող զանգի վերաբերյալ: Այրի Մակդաուելը հավաքեց իր գործվածքը և ասաց, որ նրանց տուն գնալու ժամանակն է: Միայն այդ ժամանակ Թոմասը հիշեց իր դուրս ընկած, ինչպես փայտի կտոր, ոտքի մասին։ Նա շարժեց այն և, կաղալով, շտապեց մոր հետևից։

Միաժամանակ նա չմոռացավ շնորհակալություն հայտնել տիրոջը, որ նա թույլ տվեց նստել իր կողքին ու նայել իր աշխատանքին։ Իսկ փորագրիչը, ճաշելով եփած կարտոֆիլով և քաղցր բուլկիներով, նորից նստեց աշխատասեղանի մոտ։ Պտտելով փայտե կովը ձեռքերի մեջ, աչքերը կկոցելով ու հոնքերը բարձրացնելով, նա վճռականորեն վերցրեց դանակը։ Փորագրիչը աշխատեց այնքան ժամանակ, մինչև նրա աչքերը չսկսեցին փակվել, իսկ կոպերը ամբողջովին ծանրացան։

Մի քանի օր անց փորագրիչի դուռը թակեցին։ Նա ուղղեց մորուքը, հարթեց մազերը և գնաց դեպի թակոցը։ Շեմին կանգնած էին այրին որդու հետ։ Նա լուռ ներս թողեց նրանց։ Եվ մինչ կինը թեյնիկը դնում էր կրակին և հանում էր թարմ թխված մեղրով թխվածքաբլիթները, Թոմասը առանց հայացքը պոկելու նայում էր, թե ինչպես է պարոն Թումին փորագրում հրեշտակի արձանիկը։

— Պարոն Թումի, սա հրեշտա՞կ է, — լռելուց հետո հարցրեց նա։

— Այո: Մի՞թե նա էլ է սխալ:

— Դե, իմ հրեշտակը…, — Թոմասը խորը շունչ քաշեց, — նա ամենակարևոր հրեշտակն էր: Ի վերջո, Աստված նրան ուղարկեց մանուկ Հիսուսի մոտ:

— Իսկ ի՞նչ տեսք ունի ամենակարևոր հրեշտակը, — հետաքրքրվեց Ջոնաթանը:

— Կարծես չգիտեք,— անհավատորեն քթի տակ ծիծաղեց Թոմասը։ — Չէ՞ որ դուք աշխարհի ամենալավ փորագրիչն եք։

Ջոնաթանը ոչինչ չպատասխանեց։

—Պարոն Թումի, կարո՞ղ եմ էլի հարցնել, — նորից խոսեց Թոմասը։

—Իսկ լռել դու գիտե՞ս, — խոժոռվեց փորագրիչը:

—Ոչ, — ասաց Թոմասը: -Մայրիկն ասում է, որ ես պետք է ձեզնից սովորեմ այդ առաքինությունը:

Միստր Թումիի այտերն ամոթից վարդագույն դարձան։ Իսկ այրի Մակդաուելը դարձավ բոսորագույն, ինչպես այն շարֆը, որը գործում էր։

—Լավ, հարցրու, — ասաց Ջոնաթանը, թաքցնելով աչքերը խիտ հոնքերի տակ:

— Սովորեցրեք ինձ փորագրել, — միանգամից ասաց Թոմասը:

Փորագրիչը աչքի ծայրով նայեց Թոմասին։

—  Մոտեցի: Թռչուն կփորագրես, — հանկարծ մրթմրթաց նա:

— Կարմիր կրծքով կարմրակատարի՞կ, -ուրախացավ տղան: -Ես այդպես էլ գիտե՛ի։

Շագանակագույն թղթի կտորի վրա, Ջոնաթան Թումին ածուղով արագ թռչող թռչուն նկարեց: Թոմասին տալով խեժի հոտով մի չորսուիկ և մի փոքրիկ դանակ՝ նա ցույց տվեց, թե ինչպես կտրել և հարթել փայտի անկյունները, որպեսզի երևա թռչնի մարմինը:

Տղան, գլուխը խոնարհելով և լեզուն դուրս հանելով, զգուշորեն կրկնում էր փորագրիչի շարժումները։

Երբ հնչեց եկեղեցու զանգի վեցերորդ հարվածը, փորագրիչը տեղից չշարժվեց։ Նա բռնել էր Թոմասի ձեռքը իր հսկայական ձեռքում՝ դանակն ուղղելով փայտե թռչնի կոր թևի երկայնքով։ Այրի Մակդաուելը կամացուկ հիշեցրեց, որ նրանց գնալու ժամանակն է: Թոմասը վերնաշապիկից թափ տվեց մանր տաշեղները, հետո համարձակորեն ձեռքը մեկնեց և հեռացրեց Ջոնաթան Թումիի մորուքի մեջ խրված երկու տաշեղիկ։

— Շնորհակալություն, պարոն Թումի, որ սովորեցրեցիք ինձ քանդակել, — ասաց նա հեռանալիս:

Փորագրիչը ճաշեց խաշած կարտոֆիլով, կծեց մեղրով թխվածքաբլիթը և նորից նստեց գործասեղանի մոտ: Նա մտախոհ շարժեց ածուխով շագանակագույն թղթի վրա՝ նկարելով հրեշտակների կերպարներ: Հետո վերցրեց դանակն ու անցավ աշխատանքի։ Նա կտրում ու կտրում էր այնքան, մինչև չզգաց, որ աչքերի առաջ շրջաններ են լողում, իսկ կոպերը փակվում են հոգնածությունից։

Անցավ ևս մի քանի օր։ Փորագրիչը կամաց թակոցից կտրվեց իր աշխատանքից։ Նա շտապեց դեպի դուռը։

Նրա առջև կանգնած էր այրի Մակդաուելը, կրծքին սեղմած սոճու մի խտիտ ճյուղեր, որոնք պիսակավորված էին փշարմավի բողբոջներով և պարուրված էին կարմիր հատապտուղներով։ Թոմասը հպարտությամբ Ջոնաթանին հանձնեց կոպիտ ռանդած թռչունին։

Միստր Թումին անմիջապես Թոմասին նստեցրեց իր կողքին։ Մինչ նրանք խանդավառությամբ ռանդում էին, կտրում և փայլեցնում  փոքրիկ թռչունին, միսիս Մաքդաուելը ճաշասեղանի դարակում գտավ մի գեղեցիկ սփռոց՝ ասեղնագործված հովտի շուշաններով և մարգարիտներով, փռեց այն սեղանին և կենտրոնին դրեց սոճու սուր հոտով ճյուղերով կուժը։

— Հիմա կսկսենք փորագրել մոգերին և Հովսեփին, — մինչ այդ խոսում էր փորագրիչը, — նախքան նրանց վրա աշխատելը, կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչիսի՞ն նրանք պետք է լինեն, – դիմեց նա Թոմասին։

— Լավ,- ծանրակշիռ ասաց տղան: — Իմ մոգերը հագնված էին ճոխ ու տոնական, որովհետև գնում էին ոչ թե որևէ մեկի, այլ Հիսուսի մոտ։ Իսկ Հովսեփը խոնարհված էր մանուկ Քրիստոսի վրա՝ ասես պաշտպանում էր նրան։ Նա խիստ էր, բայց ոչ զայրացած։

Միայն այն ժամանակ, երբ եկեղեցու զանգը խփեց, պարոն Թումին կտրվեց իր աշխատանքից: Այդ ժամանակ նա սեղանին նկատեց սափոր ու սփռոց։

— Ես գտա այն դարակում և մտածեցի, թե որքան գեղեցիկ կլինի, — թոթովեց այրին՝ վախեցած ժպտալով:

— Երբեք այստեղ որևէ բանի մի՛ դիպչեք, — խոսքն ընդհատեց փորագրիչը։

Հյուրերի հեռանալուն պես նա արագ հանեց սփռոցը։ Ճաշից հետո Ջոնաթանը վերադարձավ աշխատանքի։ Նա քանդակում էր Հովսեփի և մոգերի կերպարները, մինչև նրա կոպերը չսկսեցին փակվել:

Անցավ ևս մի քանի օր, և Ջոնաթանը լսեց դռան սովորական թակոցը։ Նա գոգնոցից թափ տվեց թեփն ու տաշեղները և շտապեց դեպի դուռը։ Նրա առջև կանգնած էին այրի Մակդաուելը և Թոմասը:

Մինչև երեկո տղան առանց կանգ առնելու հետևում էր փորագրիչի աշխատանքին։

Իսկ նրանց գնալուց առաջ, Ջոնաթանն ասաց.

— Վաղվանից կսկսեմ աշխատել Մարիամի ու մանուկի արձանիկների վրա։ Հիշո՞ւմ ես, թե ինչպիսին էին քո  արձանիկները։

— Օ՜, նրանք յուրահատուկ էին, — աշխուժացավ տղան: — Հիսուսը ժպտում էր և ձեռքերը մեկնում մորը: Իսկ Մարիամը նրան շատ-շատ էր սիրում։ Դա միանգամից երևում էր։

— Վաղը Սուրբ Ծնունդ է: Դուք կհասցնե՞ք  ամեն ինչ անել, — հարցրեց այրի Մակդաուելը, հեզորեն նայելով Ջոնաթանին։

— Երբ կանեմ, այդ ժամանակ կանեմ, — փնթփնթաց փորագրիչը:

— Հասկանում եմ: Կներեք,- կարմրեց այրին՝ երկու փաթեթ տալով նրան: — Ուրախ Սուրբ Ծնունդ:

Ջոնաթանը ձեռքերը պահեց մեջքի հետևում։

— Ի՞նչ նվերներ: Կարիք չկա, —  մի կողմ քաշվեց նա:

— Ոչ թե ինչ-որ, այլ Սուրբ Ծննդյան, — այրին փաթեթները դրեց սեղանին և հեռացավ:

Ջոնաթանը մոտեցավ սեղանին։ Դանդաղ, զգույշ, բացեց առաջին փաթեթը։ Այնտեղ կարմիր գործված շարֆմ էր՝ հաստ, տաք ու փափուկ։ Նա այն փաթաթեց վզին

Մյուս փաթեթում փայտե թռչուն էր։ Սոճու կոճղիկից անհմուտ փորագրված կարմրակատարիկ: Ջոնաթանի տակից մի պահ ժպիտ երևաց։ Նա իր կոպտացած մատներն անցկացրեց թևի ծուռումուռ երկայնքով, թևքով մաքրեց բուխարիի փոշին և թռչնին այնպես դրեց, որ նա տեսնի այն իր տեղից։

Այդ երեկո փորագրիչը մոռացավ ընթրիքի մասին։ Նա անդադար նկարում էր Մարիամի և Հիսուսի կերպարները: Ահա, նա ուրվագծեց Մարիամին, բայց դեմքը ծռմռելով, ճմռթեց նկարը և նետեց հատակին։ Հետևեց հատակին նետվեց մանուկի նկարով թուղթը: Նա նորից ու նորից գծում էր ածուխով թղթի վրա ու ճմռթում այն: Շուտով նրա ոտքերի մոտ ճմռթված թղթերի մի կույտ առաջացավ։ Նա վերցրեց փայտե չորսուիկը և փորձեց անմիջապես կտրել: Բայց այս անգամ դանակը չհնազանդվեց նրա ձեռքին, այն կա՛մ ցած էր ընկնում, կա՛մ սահում էր մակերևույթով, կա՛մ էլ խորանում դյուրամշակելի փայտի մեջ, և բարակ, մեղմ հոսող տաշեղի փոխարեն, անհավասար տաշեղներ էր  պոկում չորսուց: Ջոնաթանը զայրացած նետեց  փայտի կտորը բուխարու մեջ և երկար ժամանակով քարացավ՝ նայելով պարող բոցերին։

Սուրբ Ծնունդն ազդարարող զանգերի ղողանջը նրան ուշքի բերեց։ Ջոնաթանը ոտքի կանգնեց և դանդաղ բացեց ճաշասեղանի այն դարակը, որին խստիվ արգելեց դիպչել այրուն։

Նա հանեց սփռոցը՝ ասեղնագործված հովտի շուշաններով ու մարգարիտներով։ Նա հանեց  մաշված բրդյա շալն ու ժանյակավոր թաշկինակը։ Նա հանեց մի փոքրիկ սպիտակ վերմակ և մի զույգ փոքրիկ գուլպաներ։ Այս բոլոր իրերը նա զգուշորեն դրեց հատակին։ Հետո ներքևի դարակից հանեց շագանակից փորագրած գեղեցիկ մուգ շագանակագույն շրջանակ։

Շրջանակի մեջ՝ ապակու տակ, փայտածուխով ուրվագծված էր մի երիտասարդ կին, որը երեխային գրկած նստած էր ճոճաթոռին:

Երեխայի փոքրիկ ձեռքերը ձգվում էին դեպի մոր խոնարհված դեմքը։ Կինը ժպտալով նայում էր երեխային: Ջոնաթանը ծանր սուզվեց ճոճաթոռի մեջ՝ գծանկարը սեղմելով կրծքին։ Նա անդադար օրորվում էր, իսկ փակ աչքերից երկու արցունք գլորվեցին ու անհետացան նրա խիտ մորուքի մեջ։

Նա չէր հիշում, թե որքան ժամանակ է անցել։ Բայց երբ շագանակագույն շրջանակի նկարը դրեց աշխատասեղանի վրա, նա սկսեց աշխատել: Նրա մատները ինքնուրույն շարժվում էին ճարպկորեն և վստահ։ Նա փորագրեց ամբողջ գիշեր:

Հաջորդ առավոտ այրի Մակդաուելի դուռը թակեցին։

Շեմքին կանգնած էր Փորագրիչը։ Նրա վզին կարմիր բրդյա շարֆ էր փաթաթած։ Ձեռքերում փայտե տուփ էր պահում։

— Պարոն Թո՛ւմի, — ձեռներն իրար զարկեց այրին: — Ներս մտեք, ներս մտեք: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

— Պատվերը պատրաստ է,— հակիրճ ասաց Ջոնաթանը։

Մտնելով տուն՝ բացեց տուփը։ Փայտե արձանիկները պառկած էին խեժի հոտով տաշեղների վրա։ Ջոնաթանը հանեց երկու գանգուր ոչխարիկ, իհարկե երջանիկ, որովհետև նրանք Հիսուսի կողքին էին։ Նրանց ետևից երևացին հպարտ կովը և կարևոր հրեշտակը, որն իր թևերը տարածել էր իր լայն  ու ազատ հագուստի ծալքերի վրա: Փորագրիչը խնամքով իրար ետևից դրեց երեք մոգերին, որոնք հարուստ, մորթով զարդարված հագուստով էին։

Հետո երևացին Մարիամն ու մորուքավոր Հովսեփը։ Նա հոգատարությամբ խոնարհված էր Մարիամի վրա, իսկ երիտասարդ կինը՝ կոպիտ գործած շալով փաթաթված, սիրով նայում էր իր թանկագին որդուն։ Հիսուսը ժպտում էր և վստահությամբ ձգում իր փոքրիկ ձեռքերը դեպի մոր դեմքը:

Սուրբ Ծննդյան պատարագին Ջոնաթան Թումին գնում էր տոնական հագնված այրի Մաքդաուելի և Թոմասի հետ: Գյուղի երեխաները զարմացած նայում էին Ջոնաթանին, քանի որ նա քայլում էր գլուխը բարձր պահած։ Նրանք առաջին անգամ տեսան նրա աչքերը՝ պարզ օգոստոսյան երկնքի պես, և լսեցին նախկինում մռայլ այս մարդու ծիծաղը։ Այլևս նրան ոչ ոք պարոն Խոժոռ չէր անվանում։

Աղբյուրը.

Сьюзан Войцеховски «Рождественское чудо мистера Туми»

Комментариев нет:

Отправить комментарий