Մոտ բեր քեզ կրկին, ես քանդվում եմ, մասնատվելով՝ վերանում եմ, կողքիցդ հեռանում եմ…
Քայլում եմ անվերջանալի ուղիով, գիշերով՝ միայնակ՝ հիշողությամբ պարուրված։ Մոցարտի և Բեթհովենի գլուխգործոցները լսելով՝ կտրվում եմ քեզնից, բայց միևնույն ժամանակ հանգստությունը ականջներիս հասնելով՝ կրկին ներսումս ամբողջականություն ես կազմում։ Պատրա՞ստ ես լսել գրածներս, նորից կարդա՞մ քեզ համար և համոզված լինեմ, որ հին ժամանակների ապրումներն ունես։ Ու թե անգամ սխալվեմ, դա ոչինչ է…Վստահաբար կասեմ, որ իմ «Աստղերով պատված գիշերը ծովում» նկարը տարիներ հետո կտեսնես երազանքներիս ցուցահանդեսում, նրա հետ կգաս և կստիպես, որպեսզի սովորի արվեստը, որովհետև ականջներումդ, ինչպես աշնան տերևները՝ կխշշա սիրածս երաժշտության հնչյունները։ Կցանկանաս մեկնել Նյու Յորք՝ Արվեստի թանգարան, որ ականատես լինես մեծագույն նկարիչների ստեղծագործություններին, չէ՞ որ խոստացել էիր ինձ հետ մեկնել։
Հուսով եմ ՝այս ժամանակահատվածում շատ փոփոխություններ չեն եղել կյանքումդ, խոստումդ կկատարես դու, թեև կնոջդ հետ։
Ու մի օր էլ նա կհարցնի, թե ինչու ես հայացքդ սառեցրել մի կետի և ժպտում ու դու ընդունակ չես լինի ոչինչ ասելու,պարզապես կհիշես ժպտուն աչքերս, թե ինչպես էին փայլում, երբ տալիս էին անունդ։
Եվ այդժամ կանգ կառնեն ժամսլաքները, լռությամբ կողողվեն սրտիդ զարկերը, կսառեն հայացքները բոլոր, և դու նորից կհիշես արևատենչ աչքերս, հավանաբար կմտաբերես, թե ինչքան էիր սիրում, երբ փակելով աչքերս՝ գլուխս բարձրացնում էի վեր, որպեսզի համբուրես ճակատս։
Комментариев нет:
Отправить комментарий