воскресенье, 2 января 2022 г.

Էրիխ Մարիա Ռեմարկ «Արևմտյան ճակատում նորություն չկա»

 Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է։

Սա գիրք է, որը կլանում է ընթերցողին և ստիպում նրան ապրել բոլոր զգացողությունները, ուրախանալ ու տխրել գրքի հերոսների հետ։ Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը: Պատերազմական գործողությունների զարհուրելի պատկերներից և հետևանքներից այն կողմ սովորական մարդիկ են, ոմանք դեռ բոլորովին երեխա՝ իրենց վախերով, երազանքներով գալիս են պատերազմ և փորձում պայքարել իրենց կյանքի համար։ Սակայն պատերազմը ժամանակից շուտ հասունացնում է նրանց և ստիպում հասկանալ, թե ինչ է կյանքը և ինչքան դժվար է պայքարել դրա համար։

 Հողը ոչ մեկի համար այդքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապաինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:
Հող, հո՜ղ, հո՜ղ…

Պատերազմը մեզ ամեն բանի անընդունակ դարձրեց: Մենք այլևս երիտասարդ չենք: Մենք այլևս չենք ուզում գրոհել աշխարհը: Մենք փախստական ենք ինքներս մեզնից: Մեր կյանքից:  Մենք տասնութ տարեկան էինք ու սկսում էինք սիրել կյանքն ու կենցաղը, մենք պետք է խաչ քաշեինք դրանց վրա: Առաջին նռնակը մեր սրտին դիպավ: Մենք մեկուսացած ենք գործից, ձգտումից, առաջընթացից: Մենք դրանց այլևս չենք հավատում, մենք պատերազմին ենք հավատում:

Գրքի արաժանիքներից մեկն այն է, որ հեղինակը պատերազմին զուգահեռ ներկայացնում է մարդկանց, որոնք չէին կորցնում իրենց մաքուր էությունը, իրական ընկերների, որոնք պատրաստ են միմյանց համար իրենց կյանքը անգամ տալ։ Որոնք տառապում են միմյանց ցավով, հրճվում՝ ուրախությամբ։

Ա՜խ, մա՛մ, մա՛մ… Քեզ համար ես երեխա եմ, ինչո՞ւ չեմ կարող գլուխս դնել ծնկիդ ու լաց լինել: Ինչո՞ւ ես պետք է միշտ ուժեղ ու զուսպ լինեմ, ես էլ կուզեի մի անգամ լաց լինել ու մխիթարվել, չէ՞ որ ես ավելին չեմ, քան երեխան, պահարանում դեռ կախված են մանկությանս կարճ տաբատները: Ախր այնքա՜ն քիչ ժամանակ է անցել, ինչո՞ւ անցավ այս ամենը…

 «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի գործողությունների կենտրոնում Պաուլ Բոյմերն ու նրա զինակիցներն են՝ տասնութից քսան տարեկան երիտասարդներ: Հերոսները վեպի հենց առաջին էջերից այնքան հոգեհարազատ են դառնում ինձ իրենց բնավորությամբ, կերպարով, որ ամեն մեկի մահը կարծես կրակոց է ցանկացած ընթերցողի սրտին: Գիրքը ընթերցելիս մենք իրենց հետ ապրում ենք այն ցավը, որ ապրում են իրենք։ Վեպում ակնհայտ է պատերազմի հետևանքով հերոսների բնավորության փոփոխությունը։ Այն, որ նրանք դառնում են անտարբեր, անկարեկից, բայց նրանց այդ անտարբերությունն ու անհաղորդությունը երբեք չէր տարածվում իրենց զինակիցների վրա։ Նրանք ընկերներ էին, ցավի ընկերներն էին ու միասին էին անցնում մահի կողքով, մահը նրանց ավելի ու ավելի էր մտերմացնում։

Յուրաքանչյուր զինվոր հազարավոր պատահականությունների շնորհիվ է ողջ մնում։ Եվ յուրաքանչյուր զինվոր հավատում ու վստահում է պատահականություններին։

Մի հրամանով այս անխոս կերպարանքները մեզ թշնամի դարձան։ Մի հրամանով նույն հաջողությամբ կարող էին ընկեր դառնալ։ Ինչ-որ սեղանի դրած փաստաթուղթ՝ մի քանի հոգու կողմից ստորագրված, որոնց ոչ մեկս չենք ճանաչում, և տարիներ շարունակ մեր գերագույն նպատակն այն է եղել, որ սովորաբար աշխարհի արհամարհանքին ու գլխավոր պատժին է արժանացել։

Գլխավոր հերոսն էլ է մահանում է։ Մահանում է զինադադարի ժամանակ, և երբ ռազմական ամփոփագիրը միայն գրում էր՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»․․․

Գիրքը կարդալը մի փոքր ցավոտ էր ինձ համար, որովհետև ընթերցողը այս գիրքը միայն չի կարդում, այլ ապրում է հերոսների հետ մի իրականության մեջ։ Ինչքան ուրիշ են պատերազմ տեսած զինվորները, ինչքան անտարբեր ու զգայուն են նրանք․․․

Հեղինակա՝ Աննա Հարությունյան

Комментариев нет:

Отправить комментарий