вторник, 24 апреля 2018 г.

Մենք ենք մեր հերոսը...


Ու, վերջապես քայլ կա, որ հենց թռիչք արժե ...

Պարույր Սևակի խոսքերն են, որոնք վերջին օրերին շատ են տպավորել ինձ:
Այս օրերի ընթացքում ազգս մի մեծ բանակ է դարձել: Այսպես համախմբված՝ մի ընտանիք դարձած դեռ չէի տեսել: Անբացատրելի երևույթ է, երբ մի տեղում տեսնում ես հարյուր հազարավոր մարդկանց ու տեսնում ես տիրող խաղաղությունը, հաշտությունը, ուժն ու մեծ սերը: Տեսնում ես, որ քո ազգը միահամուռ ոտքի է ելել, մեր նոր սերունդն ես տեսնում այնտեղ ու քեզ ես տեսնում...
Ինձ ասում էին՝ հեքիաթների ես հավատում...
Ասում էին՝ բան չի փոխվի, անիմաստ ա...:
Բայց ես հավատում էի...
Ու, էն բոլոր մարդիկ, որ ասում էին «էս ինչ սերունդ ա մեծանում», ստացավ պատասխանը: Մեծանում է մի սերունդ, ով գիտի պայքարել, ով գիտի ապստամբել, ով գիտի ճիշտ պահին համախմբվել, ով գիտի պաշտպանել իր իրավունքները: Եվ ես հպարտ եմ, որ այդ սերնդի մի մասն եմ: Այս օրերին երիտասարդությունն էր ոտքի ելել և երիտասարդությունն էր ղեkավարում իր պայքարը: Մենք խիզախ ենք, որովհետև ազատության համար պայքարող սերունդ ենք, մենք ազատության շունչը տեսած սերունդ ենք: Մեր սերունդը Մարտի 1 տեսած սերունդն է, մեր սերունդը ապրիլյան քառօրյա պատերազմ տեսած ու զգացած սերունդն է: Մեր սերունդը ՊԱՅՔԱՐՈՂ տեսակն է:
Ես շատ հպարտ եմ, և ամբողջ աշխարհն է հպարտ մեզանով: Ամենից առաջ, ես հպարտ եմ, որ ՀԱՅ եմ, իսկ հայ լինելն ամեն մեկի բան չի: Ես հպարտ եմ իմ ազգով, իմ երկրով ու մեր կերտած ապագայով:
Ես Հայաստանը սիրում էի իր բոլոր թերություններով, չնայած այն բանի, որ մարդիկ ասում էին «ըստեղ սիրելու բան չկա, ինչ ես անելու՝ ըստեղ ապագա չկա», իսկ հիմա ավելի շատ եմ սիրում, որովհետև այստեղ հայրենասիրություն կա, այստեղ ազատություն կա: Եվ, այստեղ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուրախ լինելու համար: Ու, որ ամենակարևորն է՝ այստեղ կա իմ տունը ու այստեղ կամ ես...
Այս օրերի ընթացքում տեսա մի նոր ազգ, որին սիրեցի լիովին: Տեսա մի նոր ազգ, որը ժպտում էր բոլորին: Ազգս անկոտրում է, ազգս հզոր է, ազգս իմն է. Իռայի ամուսինը, Աշոտը, Կարգին Հայկոն, մեր զինվորները, քառօրյա պատերազմի տղերքը, երիտասարդները, մեծերը, երեխաները ու բոլոր բոլորը...
Հայերի ծափերը, վանկարկումները, փողոցներում պառկել ու փակելը, շերեփներով ակցիան, երգն ու պարը մի մեծ, շատ մեծ ընտանիք էր հիշեցնում: Եվ, այդ շերեփներով ակցիան հաստատեց, որ հայերի շերեփը թղթից վերածվել է երկաթյա ամուր շերեփի:
Այսպիսով՝ Հայաստանը համարվեց պատմության մեջ աշխարհում առաջին երկիրը, որտեղ հեղափոխությունից ոչ ոք չզոհվեց: Հայաստանի մասին դեռ շատ են խոսելու, շատ ու շատ գրքեր ու պատմություններ են գրվելու՝ ես վստահ եմ...
Ասելիքս շատ է, էմոցիաներս՝ նույնպես, իսկ հպարտությունս՝ անսահման:
Այս հաղթանակն իմն է, քոնն է, բոլորինս է, և ոչ ոք չի կարող այն խլել մեզանից:



Комментариев нет:

Отправить комментарий