четверг, 19 апреля 2018 г.

Քայլ արեցինք՝ ոտքներս քարին կպավ


Չգիտեմ՝ ինչից սկսել...

Երևի նրանից, որ երկրիս ժողովրդին քամես՝ պարզ ջուր կթափվի: Երբևէ  մեր քաղաքացին  ոչ մի ցույց անարդարությամբ ու կեղտով չի լցրել: Ցույցին մասնակցող մարդիկ լավն են, ազնիվ են, նպատակասլաց ու խիզախ: Իրենք միայն չեն բողոքում, այլ նաև պայքարում են իրենց, իրենց ընկերների, ընտանիքների ու երեխեքի ապագայի համար:  Ես էլ գնում ու մասնակցում եմ ցույցերին: Գոռում, գոչում, ընկերներիս թև ու թիկունք եմ լինում: Երկու օր առաջ Թումանյան- Տերյան խաչմերուկը լիովին իմ ընկերներն էին: Ավտոմեքենաները գալիս էին, համառորեն փորձում էին անցնել: Իրար պաշտպանում էինք, խոսում ու հասկացնում էինք, որ ուրիշ ճար չունենք, մենք այդպես ենք արձագանքում անարդարությանը: Որոշները ուրախանում էին՝ մեզ տեսնելով, իսկ մյուսների՝ շատ քիչ ու փոքր մարդկանց համար մենք ավելի մերժված էինք, քան անարդարության գլուխը: Բանգլադեշով անցանք, գոռալով, կոչ անելով... Պատուհաններից ժողովուրդը հոգի էր տալիս, ոգեշնչում էր, բղավում էին՝ կեցցե՜ք... բայց իրենք վախենում էին դուրս գալ՝ քայլ անելու համար:
   Ինչևէ... Իմ ժողովուրդը լավն է: Արդար է ու անուշ ... Անօրեն է նա, ով դրդել է ժողովրդին այդ քային և ոչ թե ցուցարարը, որը ջանք չի խնայում ցույցերում:
    Ամեն դեպքում՝ բոլորս էլ ուզում ենք լավ երկրում ապրել: Ապահովել մեր ընտանիքներին բարեկեցիկ ապագա: Ու ժողովուրդը, որը ցույց է անում, քայլ է անում ու ոտքին քար է կպնում՝ էդ ժողովուրդը հարգանքի է արժանի, ինքն իր ապագայի համար է պայքարում: 

Комментариев нет:

Отправить комментарий