пятница, 24 апреля 2026 г.

Մոլորված կատուն

Հեղինակ՝ Մանե Ջավադյան

Մութ անտառներով քայլելիս միշտ զգուշացրել են՝ հեռու մնացեք տարօրինակ մարդկանցից։ Նաև ասում են, որ եթե շուտ չանցնես այս խավարոտ անտառի ճանապարհը, ապա կմոլորվես և քո մասին բոլորը կմոռանան, էլ չեն հիշի, ոչ մայրդ, ոչ ընկերդ, որ էլ քո սիրելի թմբլիկ կատուն։ Շատ դեպքեր են եղել, երբ մեկը գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել, եղել են նաև պահեր, երբ ընտանի կենդանիներն են կորել, բայց ոչ մեկը չի խիզախացել գնալ նրանց ետևից։ Ոչ մեկը։ Բացի Դեղձանիկից։ Նա շատ համառ և ապստամբ աղջիկ էր, իր հինգ տարեկանում կացինը ձեռքին վազում էր հարևանի հավերի հետևից, իսկ յոթում ունեցավ իր անձնական նետ ու աղեղը։


Հոկտեմբերի 28-ն էր, աշնան մի վայելուչ օր, բայց մի տեսակ շատ խավարոտ։ Մշուշը նստել էր ամենուրեք՝ քարերի վրա, թառել էր եղրևանու մանր թերթիկներին, ծածկել էր ամբողջ անտառը, լռության անդորր էր տիրում, բոլորը ասես նրհած լինեին։ Բոլորը։ Բացի Դեղձանիկից։


Շտապելով հագնել տաքուկ գլխարկը, որը գործել էր տատիկը, նա վերցրեց անձրևանոցը և դուրս եկավ։ Քայլելով քարքարոտ տարածքներով, Դեղձանիկի միտքը ուղղված էր միայն իր կատվին գտնելու խնդրին։ Այդ թմբլիկ, նարնջագույ և ահավոր ժլատ կատուն շատ բան էր նշանակում Դեղձանիկի համար։ Կատվի անունը Սիբիլ էր, որովհետև Դեղձանիկը նրա գտել էր աղբանոցում, բերել տուն՝ լողացրել, բուժել և այնպես կերակրել, որ խեղճը հազիվ էր տեղաշաժվում։ Դա այն պատճառներից մեկն է որ Դեղձանիկը անհանգստանում էր, չէ որ իր կատուն այնքան չաղ էր, որ գնալ և կորել անտառում ինքնուրյուն՝ անհնարին բան էր նրա համար։


Ահա Դեղձանիկը կանգ առավ մութ անտառի դիմաց, որտեղ մառախուղը այնքան խիտ էր, որ միայն ոտքերի տակն է երևում։ Անտառի կողքերը աճել էին պազմազան հատապտուղներ՝ կարմիր, կապույտ, կանաչ, բայց Դեղձանիկին սովորեցրել էին դրսից ոչինչ չուտել։ Նա քայլեց առաջ և անմիջապես հանդիպեց խոչընդոտը, ետ շրջվեց, բայց հատապտուղները էլ չկային, շուրջբոլորը մութ անտառի խորքերն էին։ Նա մոլորվեց․․․ Ու սկսեց կանչել։


— Սիբի՜լ, Սիբի՜լ, որտեղ ես փոքրիկ,— այդ գեր կատուն այնքան մեծ էր, որ միանգամից աչքի կընկներ։


Դրա համար Դեղձանիկը սկսեց շրջել, և հանկարծ լսվեց մլավոց․


— Վա՜յ, վերջապես քեզ գտա,— բացականչեց աղջիկը և նետվեց դեպի կատուն,— Վա՜յ, իմ խեղճ չաղլիկ, այս ո՞նց ես նիհարել։


Աղջկա դիմաց նստած կատուն շատ նիհար տեսք ուներ։ Կենդանին նկատելով աղջկան՝ վեր թռավ, մաքրեց կոկորրդը և մռմռալով խոսեց․


— Տիկին ջան, հնգստացեք, մռ-ռ-ռ, ես ձեր կատուն չեմ, մռ-ռ-ռ։


— Վա՛յ, խոսացող կատու, երևի արևի տակ եմ վառվել,— ասաց աղջիկը և ձեռքը դրեց ճակատին։


Կատուն չլսելու տեղ դրեց Դեղձանիկին և երազկոտ ձայնով մռմռաց։


— Գիտե՞ք տիկին, մռ-ռ-ռ, ես էլ մի ժամանակ մարդ եմ եղել, մռ-ռ-ռ, երևի նկատած կլինեիք գույնզգույն հատապտուղները, մռ-ռ-ռ, դրանցից կերել և կատվիկ եմ դառել, մռ-ռ-ռ։


— Գլուխս տարար քո մռռոցից, իմ չաղլիկին էլ չեմ կարողանում գտնել,— աղջիկը նստեց գետնին և գրկեց ծնկները,— արդեն չգիտեմ ինչ անեմ։


— Լավ, մի տխրեք տիկին, մռ-ռ-ռ, ահա վերցրեք և համտեսեք այս հատապտուղները, մռ-ռ-ռ, և իմ կարծիքով կգտնեք ձեր կատվիկին,— այս ասելուց, տարօրինակ կատուն մոտեցրեց թաթը Դեղձանիկին և լցրեց նրա ձեռքի մեջ երփնագույն պտուղներ։


Դեղձանիկը էլ ճար չուներ, բացեց բերանը և կուլ տվեց բոլոր հատապտուղները, և․․․ Քնեց։


Արթնացավ նրանից, որ ինչ-որ մեկը խուտուտ էր տալիս նրա ոտքերը։ Չուզենալով բացեց աչքերը և նկատեց որ մի տեսակ ցածր է։ Հետո բարձրացրեց ձախ ձեռքը, բայց փոխարենը տեսավ կատվի թաթ։ Աղջիկը վախենալով վեր թռավ, չիմանալով ինչպես հիմա վարվի։ Ու չհասցրեց նա մի բան ասել, (ավելի ճիշտ մլավել), երբ կողքից մի հարազատ ձայն լսեց։


— Դեղձանիկ, Դեղձանիկ, այստեղ եմ, գտել եմ քեզ։


Աղջիկը շրջեց իր փոքրիկ գլուխը և չհավատաց իր աչքերին, նա վերջապես գտավ իր գիրուկ կատվին, ու էլ վախենալու չէր, որ ձեռքերի փոխարեն թաթեր էին, որ աղջիկը հիմա երկար պոչ ունի, որը ուրախությունից տարուբերում էր այս ու այն կողմ։ Նա երջանիկ էր, որ գտավ իր միակ ընկերոջը։


— Վա՜յ, վերջապես գտա քեզ Սիբիլս, այդ ո՞ւր էիր կորել,— Դեղձանիկը շորորալով մոտեցավ Սիբիլին։


— Ես գտել եմ այս հրաշալի վայրը և քեզ էի սպասում, գիտեի, որ կգաս իմ հետևից,— Սիբիլը մի կերպ հանեց իր թմբլիկ մարմինը և ուղղվեց դեպի անտառի խորքը։


— Դու էլ ես իմ նման, արի գնանք և վազվենք թիթռնիկների հետևից կամ գետափում նստած ձուկ որսանք կամ մկների հետևից ընկնենք, դե՞, ի՞նչ կասես։


Դեղձանիկը մի քիչ անսովոր էր զգում իրեն, բայց նա անմիջապես մոտեցավ Սիբիլին և ասաց։


— Վայ իմ մոլորված կատու, իհարկե կգամ։


Комментариев нет:

Отправить комментарий