Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի
Կատուն շատ փոքրիկ էր, երբ հայտնվեց տանը, և կարող էր միայն կաթ խմել շշից։ Բարեբախտաբար, ձեղնահարկում գտնվեց Սոֆիի հին ծծակը: Սկզբում նա քնում էր թեյնիկի կափարիչում՝ վառարանի մոտ, իսկ երբ մեծացավ ու սովորեց քայլել, տեղափոխվեց մանկական սենյակ՝ Սոֆիի մահճակալի վրա։ Նա ուներ իր բարձը տիրուհու բարձի կողքին։Կատվիկը պատկանում էր մոխրագույն ձկնորսական ցեղատեսակին և շատ արագ մեծանում էր: Մի գեղեցիկ օր նա հեռացավ մանկական սենյակից և սկսեց շրջել տնով մեկ, իսկ գիշերը նա մտնում էր մահճակալի տակ՝ սպասքի տուփի մեջ։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ նրա գլուխը լի է սեփական անկախ գաղափարներով։ Սոֆին բռնում էր կատվի ձագին և տանում հետ՝ մանկական սենյան, և անում էր ամեն ինչ նրան ընտելացնելու համար, բայց որքան շատ էր նա սիրում այս ավազակին, այնքան ավելի հաճախ էր նա կորչում մահճակալի տակ գտնվող իր տուփի մեջ և միայն բարձր մլավում էր՝ պահանջելով փոխել տուփի ավազը: Նրա անունն էր Ma petite (Փոքրիկ (ֆրանսերեն)), բայց նրան անվանում էին պարզապես Մապպե։
—Տարօրինակ բան է սերը, — մի անգամ ասաց Սոֆին: — Որքան շատ ես սիրում մեկին, այնքան նա ավելի քիչ է մտածում քո մասին:
— Ճիշտ այդպես, — համաձայնեց տատիկը։ — Իսկ ի՞նչ անել:
— Շարունակում ես սիրել, — կրքոտ պատասխանեց Սոֆին: — Եվ ավելի ու ավելի սարսափելի է:
Տատիկը շունչ քաշեց ու լռեց։ Ուսումնասիրելով բոլոր հարմարավետ վայրերը, որոնք կարող են հետաքրքրել կատվին՝ Մապպեն լիովին ընտելացավ: Երբեմն նա ձգվում էր հատակին, բարեհաճորեն ընդունելով տիրուհու փաղաքշանքները և լիակատար վստահությունը, իսկ ինքը գաղտագողի կողմ էր շրջում դեղին աչքերը և ջանում էր արագ թաքնվել իր տուփի մեջ։ Թվում էր, թե աշխարհում նրան այլևս ոչինչ չի հետաքրքրում, միայն ուտելն ու քնելը։
— Գիտե՞ս, — ասաց Սոֆին տատիկին, — երբեմն ինձ թվում է, որ ատում եմ Մապպեին: Ես այլևս ուժ չունեմ նրան սիրելու, իսկ չմտածել նրա մասին չեմ կարողանում:
Անցնում էին շաբաթներ, Սոֆին ման էր գալիս Մապպեի հետևեց։ Նա սիրալիր խոսում էր նրա հետ, առատաձեռնորեն կարեկցանք ու հոգատարություն ցուցաբերում, միայն մեկ անգամ նրա համբերությունը սպառվեց և զայրացած բռնեց նրա պոչից: Ի պատասխան Մապպեն ֆշշաց և արագ անհայտացավ տան տակը։ Այնուամենայնիվ, այս կոնֆլիկտը չխանգարեց Մապպեին ավելի մեծ ախորժակով ճաշելու և լավ քնելու, ոլորվելով անհավատալի փափուկ կծիկի և պոչի ծայրը դնել քթին։
Սոֆին նման չէր ինքն իրեն, նա դադարեց խաղալ, իսկ գիշերները նրան տանջում էին մղձավանջները։ Նա մտածում էր միայն Մապպեի մասին՝ անհանգստանալով, որ նա չի ցանկանում հավատարիմ ընկեր լինել իր համար։ Միևնույն ժամանակ, Մապպեն մեծանում էր և շուտով վերածվեց փոքրիկ, բարետես գիշատիչի, իսկ մի գեղեցիկ հունիսյան երեկո նա չեկավ գիշերելու իր տուփում: Առավոտյան, կարծես ոչինչ էլ չի եղել, մտավ տուն, մեջքը կորացրեց, պոչը ցցեց և, երկարացնելով նախ առջևի, իսկ հետո հետևի թաթերը, հորանջեց և սկսեց ճոճաթոռի վրա ճանկերը սրել։ Հետո նա թռավ մահճակալի վրա և քնեց անխռով գերազանցության տեսքով։
«Հավանաբար սկսել է որսալ»,- մտածեց տատիկը։
Եվ չսխալվեց։ Արդեն հաջորդ առավոտ կատուն շքամուտք բերեց մի դեղնամոխրագույն փոքրիկ թռչուն։ Նրա կոկորդը հմտորեն կծած էր, և արյան մի քանի մանուշակագույն կաթիլ թափվել էր նրա փայլփլուն փետրավոր հանդերձանքի վրա: Ցնցված Սոֆին գունատված որոշ ժամանակ զննում էր սատկած թռչունին։ Հետո նա հետ քաշվեց սպանողից, շրջվեց ու դեն փախավ։
Տատիկը զգուշորեն բացատրեց Սոֆիի, որ գիշատիչ կենդանիները, ինչպիսիք են կատուները, թռչունի և առնետի միջև տարբերություն չեն տեսնում:
— Ուրեմն նրանք հիմար են, — հակիրճ ասաց Սոֆին: — Առնետը զզվելի է, բայց թռչունը գեղեցիկ է: Ես որոշեցի, որ երեք օր չեմ խոսելու Մապպեի հետ։
Եվ նա դադարեց նրա հետ խոսել: Գիշերը կատուն գնում էր անտառ, իսկ առավոտյան իր որսը բերում էր տուն՝ հպարտանալու, և ամեն անգամ թռչունին նետում էին ծովը։ Ի վերջո, մինչ տան դուռը բացելը, Սոֆին պատուհանի տակ կանգնած սկսեց բարձրաձայն հարցնել.
—Կարո՞ղ եմ մտնել: Լեշը հեռացվե՞լ է:
Նա պատժում էր Մապպեին և միայն բորբոքում ցավը՝ ընտրելով ամենասարսափելի բառերը.
—Արյան հետքերը արդեն լվացվե՞լ է:
Կամ՝
—Այսօր քանի՞ սպանված ունենք:
Առավոտյան սուրճը կորցրեց իր հանգիստ ուրախությունը։ Եվ բոլորը թեթևությամբ շունչ քաշեցին, երբ Մապպեն վերջապես գլխի ընկավ թե ինչպես թաքցնել իր ավարը: Ի վերջո, մի բան է սեփական աչքերով տեսնել արյան լճակ, և բոլորովին այլ բան է պարզապես իմանալ դրա մասին: Գուցե Մապպեն հոգնել էր ամեն առավոտ բարձրացող գոռգոռոցներից և աղմուկից, կամ գուցե հավատում էր, որ մարդիկ իրենք են վերցնում և ուտում իր որսը։ Մի առավոտ տատիկը, օրվա առաջին ծխախոտը վառելիս, ցած գցեց ծխափողը, իսկ այն գլորվեց ճեղքի մեջ։ Տատիկը բարձրացրեց հատակի տախտակը և տեսավ Մապպեի կողմից սպանված թռչունների մի կոկիկ շարք: Իհարկե, նրա համար նորություն չէր, որ կատուն դեռ որս է անում, այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց, այնուամենայնիվ, հաջորդ անգամ, երբ նա գաղտագողի տուն մտավ՝ անցնելով նրա ոտքերի կողքով, նա վազեց բակ և շշնջաց.
— Ա՜յ դու, խորամանկ սատանա։
Շքամուտքի մոտ՝ ճանճերին գրավող, կարմրակով մի ճաշաման էր դրված, որը ձեռք տված չէր։
— Գիտե՞ս,— ասաց Սոֆին,— լավ կլիներ, որ Մապպեն երբեք չծնվեր։ Կամ ես չծնվեի։ Այդպես շատ ավելի լավ կլիներ։
— Դուք այդպես էլ դեռ չե՞ք խոսում, — հարցրեց տատիկը:
— Ես նրան անգամ մի բառ չեմ ասել, — պատասխանեց Սոֆին: — Չգիտեմ ինչ անեմ։ Նույնիսկ եթե ներեմ, ի՞նչ տարբերություն, նրան միևնույն է։
Տատիկը չգիտեր ինչ պատասխաներ։ Մապպեն բոլորովին վայրի էր դարձել և գրեթե տանը չէր լինում։ Նրա մորթին ձեռք է բերել կղզուն բնորոշ դեղնամոխրագույն երանգ՝ լեռների գույն կամ ավազի վրա արևային բծերի։ Երբ կատուն գաղտուկ անցնում էր ափամերձ մարգագետնով, թվում էր, թե քամին է օրորում խոտը։ Նա կարող էր ժամերով հսկել որսը թփուտների թփերի մեջ, մայրամուտին երբեմն երևում էր նրա անշարժ ուրվագիծը՝ ցցած ականջներով, որը հանկարծ անհետանում էր, և մի վայրկյան հետո լսվում էր ինչ-որ մեկի վերջին ծղրտոցը։ Մապպեն անցնում էր ցածրաճ եղևնիների ճյուղերի միջով, որոնք անձրևից թրջվել էին, մորթին կպած իր նիհար մարմնին և ցանկասիրությամբ լիզում ինքն իրեն, երբ արևը դուրս էր գալիս։ Նա պատկանում էր միայն իրեն և բացարձակ երջանիկ էր։ Շոգ օրերին Մապպեն զբոսնում էր զառիկող բլրով, ժամանակ առ ժամանակ ինչ-որ խոտ էր կրծում, իսկ երբեմն փսխում էր իր մորթին, որի մասին նա արագ մոռանում էր, ինչպես դա պատահում է կատուների հետ։ Էլ ինչեր էր անում, ոչ ոք չգիտեր։
Մի շաբաթ օր Էվերգորդները եկան նրանց հյուր՝ սուրճ խմելու։ Սոֆին իջավ ափ՝ նրանց նավակին նայելու։ Նավակը մեծ էր՝ բեռնված պայուսակներով, զամբյուղներով ու ամենատարբեր սպասքով, իսկ զամբյուղներից մեկում մլավում էր կատու։ Սոֆին բարձրացրեց կափարիչը, իսկ կատուն լիզեց նրա ձեռքը։ Նա գեր էր, սպիտակ մորթով ու կլոր մռութով։ Սոֆին հանեց նրան զամբյուղից, իսկ կատուն՝ ամբող ճանապարհը, անդադար մլավում էր։
—Դու գտար կատվին, — ասաց Աննա Էվերգորդը, երբ տեսավ Սոֆին: — Նա շատ սիրալիր է, միայն թե մկներ չի բռնում, այդ պատճառով որոշեցինք նրան տանել մեր ինժեների մոտ: — Սոֆին նստեց անկողնու վրա՝ գրկում բռնած ծանր կատվին, որը հանգիստ մլավում էր։ Նա փափուկ էր, տաքուկ ու հնազանդ։
Ամեն ինչ շատ հեշտ կարգավորվեց, ռոմի շիշը կնքեց փոխանակումը։ Մապպեին բռնեցին և նա հասկացավ, թե ինչ կատարվեց միայն այն ժամանակ, երբ Էվերգորդների նավը մոտեցավ գյուղին:
Նոր կատվի անունը Սվանտե էր։ Նա ուտում էր կարմրակ և սիրում էր, երբ իրեն շոյում էին։ Սվանտեն անմիջապես հավանեց մանկական սենյակը և ամեն գիշեր քնում էր Սոֆիի գրկում, իսկ առավոտները դուրս էր գալիս առավոտյան սուրճի ժամին և քունն ավարտում վառարանի մոտ գտնվող անկողնու վրա։ Արևոտ օրերին Սվանտեն ման էր գալիս տաքացած սարով։
— Միայն ո՛չ այստեղ, — բղավում էր Սոֆին: — Սա Մապպեի տեղն է: — Եվ նա տեղափոխում էր կատվին, որը լիզում էր նրա քիթը և հնազանդ գլորվում նոր տեղում գտնվող խոտերով:
Ամռան եռուն շրջանն էր, երկար ու լազուր օրերի շարանը մեկը մյուսի հետևից անցնում էր։ Ամեն գիշեր Սվանտեն քնում էր քիթը թաղված Սոֆիի այտին։
—Տարօրինակ է, — ասաց Սոֆին մի օր,- ես հոգնել եմ լավ եղանակից:
—Իսկապե՞ս, — արձագանքեց տատիկը։ -Ուրեմն պապիկիդ ես նման, նա էլ փոթորիկ ավելի շատ էր սիրում։
Սոֆին հեռացավ մինչև տատիկի հիշողությունների ընկնելը։
Եվ, ահա, մի գիշեր, նախ զգույշ, ապա ավելի ու ավելի ուժգին, փչեց քամին, իսկ առավոտյան չարագուշակ սուլոցով ամբողջ կղզով մոլեգնում էր հարավ-արևմտյան քամին։
— Արթնացիր, — շշնջաց Սոֆին: -Արթնացիր, սիրելիս, փոթորիկ է սկսվել:
Սվանտեն մռնչաց և տաք անկողնոիմ տաքացած թաթերը երկարացրեց ամբողջ երկարությամբ։ Սավանը ծածկված էր կատվի մորթիով։
— Վե՛ր կաց,- բացականչեց Սոֆին,- դրսում փոթորիկ է։
Բայց կատուն միայն շրջվեց իր գեր փորի վրա: Այդ ժամանակ Սոֆին, իր համար անսպասելի, զայրացավ, նա բացեց դուռը, կատվին նետեց քամու մեջ և տեսնելով, թե ինչպես է նա սեղմել ականջները, բղավեց.
— Որսա՛։ Մի բան արա։ Դու կատու ես։ — Եվ, լաց լինելով, բարձր թակեց տատիկի սենյակի դուռը։
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց տատիկը:
— Ես ուզում եմ, որ Մապպեն վերադառնա: — Սոֆին լաց եղավ։
—Մոռացե՞լ ես, ինչ տանջալից էր նրա հետ։
—Սարսափելի էր, բայց ես դեռ սիրում եմ միայն Մապպեին, — հաստատակամորեն ասաց Սոֆին:
Հաջորդ օրը Մապպեին վերադարձրին։
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий