воскресенье, 16 марта 2025 г.

Ակուտագավա Րյունոսկե «Սարդոստայն»

 Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Մի անգամ Բուդդան միայնակ շրջում էր դրախտային լճակի ափին:

Ամբողջ լճակը ծածկված էր մարգարիտի պես ճերմակ լոտոսներով, որոնց ոսկե միջուկները անբացատրելի քաղցր բուրմունք էին տարածում շուրջը:

Այդ ժամանակ դրախտում առավոտ էր։

Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ և հանկարծ ջրի հայելում տեսավ՝ լոտոսի լայն տերևներում փայլող, այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքևում՝ Լոտոսի լճակի հատակին:

Դրախտային լճակը հասնում էր մինչև դժոխքի ընդերքը:

Նրա բյուրեղյա ջրերում Ասեղնալեռն ու Սանձու գետն այնքան պարզ տեսանելի էին, ինչպես բիոսկոպի դիտանցքից։

Այնտեղ, դժոխքի անդունդում, վխտում էր մեղավորների ահռելի բազմություն։ Եվ պատահեց այնպես, որ Բուդդայի հայացքն ընկավ Կանդատա անունով մի մեղավորի վրա:

Կանդատան սարսափելի ավազակ էր։ Նա բազմաթիվ վայրագություններ է գործել՝ սպանել, թալանել, հրդեհել, բայց նրա հաշվին նույնպես կար մեկ բարի գործ։

Մի օր նա անցնում էր անտառի թավուտով և հանկարծ տեսավ մի փոքրիկ սարդ, որը վազում էր հենց արահետի կողքով։ Կանդատան ոտքը բարձրացրեց, որ տրորի նրան, բայց ինքն իրեն ասաց. «Ոչ, նա թեև փոքր է, բայց ինչ ուզում ես ասա, կենդանի էակ է։ Ափսոս է նրան իզուր սպանել»:

Եվ նա խղճաց սարդին։

Մտահայելով դժոխքի պատկերը՝ Բուդդան հիշեց, որ ավազակ Կանդատան մի անգամ կյանք է շնորհել սարդին, և նա ցանկացավ, հնարավորության դեպքում, փրկել մեղավորին դժոխքի անդունդից՝ որպես վարձատրություն այս մեկ բարի արարքի համար։ Այդ պահին, բարեբախտաբար, Բուդդայի աչքն ընկավ դրախտային սարդը։ Նա մի գեղեցիկ արծաթյա թել էր կախել կանաչ՝ նեֆրիտի պես, լոտոսի  տերևից։

Բուդդան զգուշությամբ ձեռքը վերցրեց բարակ սարդոստայնը և նրա ծայրն իջեցրեց ջրի մեջ՝ մարգարիտի պես ճերմակ լոտոսների միջև: Սարդոստայինը սկսեց իջնել ուղիղ ներքև, մինչև հասավ դժոխքի ամենահեռավոր խորքերը:

2

Այնտեղ՝ դժոխքի հատակին, Կանդատան, մյուս մեղավորների հետ միասին, դաժան տանջանքներ էր կրում Արյան լճում՝ մերթ ջրի երես բարձրանալով, մերթ ընկղմվելով անդունդ:

Ամենուր, ուր նայում էիր, ականակիր խավար էր տիրում: Միայն երբեմն ինչ-որ բան էր աղոտ փայլում  մթության մեջ: Դա նսեմ առկայծում էին  սարսափելի Ասեղնալեռան  ասեղները:  Բառեր չկան նկարագրելու այդ տեսարանի մռայլ սարսափը: Շուրջը, ինչպես  գերեզմանում,  լուռ էր։ Միայն երբեմն   լսվում  էին մեղավորների խուլ հառաչանքները:

Հանցագործ հոգիները, որոնք ցած էին  նետվել դժոխքի ամենախորքերը՝ բազում տանջանքներից հետո, տնքալու և լացելու ուժ չէին գտնում:  

Ահա թե ինչու նույնիսկ մեծ ավազակ Կանդատան, Արյան լճում խեղդվելով արյան  մեջ, միայն անձայն ջղաձգվում էր, ինչպես սատկող գորտ։

 Բայց հանկարծ Կանդատան գլուխը բարձրացրեց և սկսեց զննել Արյան լճի վրա կախված մթությանը։ Այս ամայի խավարից, հեռավոր  երկնքից,  հենց դեպի իրեն, փայլփլուն բարակ շողով, սահուն իջնում էր մի արծաթյա սարդոստայն,  ասես վախենալով, որ մյուս մեղավորները իրեն կնկատեն։

Կանդատան ուրախությունից ծափահարեց։ Պետք է միայն կառչել այդ  սարդոստայնից և բարձրանալ դրանով՝ ավելի ու ավելի վեր բարձրանալով: Այդ ժամանակ, հաստատ,  կփախչես դժոխքից։

Իսկ  եթե  բախտդ բերի, կարող ես նույնիսկ հայտնվել դրախտում: Եվ քեզ այլևս չեն քշի   Ասեղնալեռան գագաթ,   չեն նետի  Արյան լիճ:

Այդ հույսից ոգևորված՝ Կանդատան երկու ձեռքով ամուր կառչեց սարդոստայնից և սկսեց ամբողջ ուժով բարձրանալ վերև։

Իհարկե, փորձառու գողի համար դա սովորական գործ էր։

Սակայն դժոխքից մինչև երկնային կացարան   բազում տասնյակ հազարավոր րի է։ Որքան էլ նա ջանք էր թափում, նրա համար հեշտ չէր  հասնել լեռնային բարձունքներին։ Կանդատան մագլցում ու մագլցում էր  վերև, և վերջապես նույնիսկ նրան՝ այդքան ուժեղ մարդուն, հաղթահարեց հոգնածությունը։ Նա չկարողացավ առանց հանգստի հասնել երկինք։

Ճար չկար,   ստիպված էի իրեն հանգիստ տալ։ Ահա նա կանգ առավ կես ճանապարհին, կախված սարդոստայնից, հանգստանում է  և հանկարծ նայեց դեպի խոր անդունդը:

Զուր չէր, որ Կանդատան այդքան համառորեն մագլցում էր այդ բարակ սարդոստայնով: Արյան լիճը, որտեղ նա հենց նոր   սարսափելի տանջանքներ էր կրում, թաքնվել էր  ականակիր խավարի մեջ: Իսկ դժոխքային անդունդի մթության մեջ աղոտ շողացող սարսափելի Ասեղնալեռան գագաթն արդեն ոտքերի տակ էր։ Եթե ​​նա շարունակի այդքան արագ մագլցել վերև, միգուցե նրան իսկապես կհաջողվի դուրս պրծնել դժոխքից:

Ամուր կառչելով սարդոստայնից, Կանդատան առաջին անգամ երկար տարիների ընթացքում  մարդկային ձայն ձեռք բերեց և ծիծաղելով բղավեց.

— Փրկված եմ, փրկված:

Բայց անմիջապես  հանկարծ նկատեց, որ ուրիշ մեղավորներ, անթիվ ու անհամար, շրջապատել էին սարդոստայնը և, ինչպես մրջյունների տողան, սողում էին նրա հետևից ավելի ու ավելի բարձր։

Այս տեսարանից Կանդատան վախից ու զարմանքից  որոշ ժամանակ միայն կարողանում էր աչքերը պտտել՝ հիմարաբար բերանը   լայն բացած։

Այս բարակ սարդոստայնը հազիվ նրան էր կարողանում   պահել, ինչպե՞ս նա  կարող էր դիմանալ մարդկանց այդպիսի բազմությանը:

Եթե ​​սարդոստայնը պատռվի, ապա նա ինքն էլ, միայն պատկերացրու, նա ևս, արդեն այդքան բարձրացած, գլխիվայր կընկնի դժոխք: Մնա՛ ս բարով, փրկության հույս։

Մինչ նա ինքն իրեն ասում էր դա, մեղավորները ողջ պարսերով դուրս էին սողում Արյան լճի մութ խորքերից։ Հարյուրավոր, հազարավոր մեղավորներ, ձգված երկար շղթայով, հապճեպորեն մագլցում էին վեր փայլող, ինչպես բարակ շող, սարդոստայնով։ Պետք է արագ ինչ-որ բան  ձեռնարկել, այլապես սարդոստայնն անպայման կպատռվի, և նա կթռչի  անդունդ:

Եվ Կանդատան ողջ ձայնով բղավեց.

-Հե՜յ դուք, մեղավորներ։ Սա իմ սարդոստայնն է։ Ո՞վ է ձեզ թույլ տվել բարձրանալ նրանով: Դե շո՛ւտ իջեք:  Վայր իջեք: 

Բայց ինչ կատարվեց հենց այդ պահին։

Սարդոստայնը, որը մինչ այդ ամբողջ և անվնաս էր, ճայթելով պատռվեց հենց այնտեղ, որտեղից կառչել էր Կանդատան:

Անգամ շունչ քաշել չհասցրեց, երբ հոլի պես պպտվելով, սուլոցով քամին հատելով,  գլխիվայր թռավ ավելի ու ավելի ներքև, դեպի ականակիր խավարի խորքը։

Եվ միայն սարդոստայնի մի կարճ կտոր շարունակում էր կախված մնալ՝ փայլփլելով ինչպես նեղ շող, դժոխքի անաստղ, անլուսին երկնքում։

3

Լոտոսի լճակի ափին կանգնած՝ Բուդդան տեսավ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, սկզբից մինչև վերջ: Եվ երբ Կանդատան, նետած քարի պես, մխրճվեց Արյան լճի հենց խորքում, Բուդդան, տխրամած դեմքով, նորից վերսկսեց իր զբոսանքը։

Կանդատայի սրտում կարեկցանք չկար, նա մտածում էր միայն այն մասին, թե ինչպես ինքը փրկվի դժոխքից, և դրա համար նա պատժվեց այնպես, ինչպես արժանի էր՝  նորից նետվեց դժոխքի անդունդը։ Որքա՜ն ամոթալի և ողորմելի էր այդ տեսարանը Բուդդայի աչքին:

Սակայն դրախտային Լոտոսի լճակի  լոտոսները մնացին անհաղորդ:

Նրանց մարգարիտի պես ճերմակ ծաղկաբաժակները հուշիկ օրորվում էին հենց Բուդդայի  ոտքերի մոտ:

Եվ նրա ամեն մի քայլափոխին լոտոսների ոսկե միջուկները անբացատրելի անուշ բուրմունք էին սփռում շուրջբոլորը։

Դրախտում ժամանակը մոտենում էր կեսօրին։

16 ապրիլ, 1918թ.

Աղբյուրը.

Акутагава Рюноскэ «Паутинка»

Комментариев нет:

Отправить комментарий