среда, 18 апреля 2018 г.

Սկսիր քեզանից


Վերջին մի քանի օրերի ընթացքում բոլորիս շարունակ մտահոգում է մի բան՝ ցույցերը, որ տեղի են ունենում Երևանի կենտրոնում:
Ցույցի նպատակը խորհրդարանում նիստի տապալումն էր, որպեսզի Սերժ Սարգսյանը չստանձնի վարչապետի պաշտոնին: Ես նույնպես համաձայն եմ այդ ցույցերի հետ, բայց չեմ կարծում, որ Սերժին մերժելով՝ ամեն ինչ կփոխվի: Չէ որ դա մի հսկայական համակարգ է, որի ետևում կանգնած են բազում մարդիկ: Սերժը չլինի, կարծում եմ՝ նրա նման մեկն է լինելու:
Ժողովուրդը գնում է ցույցերի, բայց ընդունելով Նիկոլին որպես առաջնորդ՝ վստահ չեմ, որ հենց նրան ենք ուզում տեսնել վարչապետի դերում: Եթե հարցնենք տասը տարբեր մարդկանց, թե նրանք ում կընտրեն, կարծում եմ՝ կհնչեն  լրիվ տարբեր պատասխաններ: Այսինքն՝ ստացվում է մարդիկ չունեն հստակ նախագիծ և կոնկրետ նպատակ` ամեն ինչ կարծես կախված է օդից:
Եվ հետո, որտեղից մարդկանց մեջ այդքան ատելություն, այն էլ մի մարդու դեմ: Մարդիկ արդեն լրիվ խելագարվել են այդ ատելությունից: Չեմ կարծում, որ մեր երկրում տիրող այս տխուր վիճակի միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Չնայած, որ նա կարող էր մի փոքր իր մեջ տղամարդկություն գտնել և հրաժարվել այդ պաշտոնից: Այնպիսի տպավորություն է, որ նրան դուր է գալիս այն ամենը, ինչ կատարվում է հիմա Կենտրոնում: Մարդիկ դարձել են գազազած և չարացել են մեկը մյուսի դեմ: Եվ արդեն ներքին՝ ոստիկան- ցուցարար պայքար է գնում: Կան բազում անմեղ տուժածներ, ձերբակալվածներ: Ախր, ինչպես կարելի է ազգի վրա արցունքաբեր նռնակներ  նետել:
 Այս անգամ ցույցերին ավելի շատ մասնակցում էին ուսանողներ, սովորողներ: Չնայած ես չեմ ընդունում անչափահասների մասնակցությունը, հատկապես՝ աղջիկների: Դա իսկապես անլրջություն է: Ցույցը ցուցադրվելու, ինքնահաստատվելու տեղ չէ: Շատերը գնում են առանց գիտակցելու, թե ուր են գնում, որն է իրենց նպատակը: Ծիծաղելի է անգամ, երբ տեսնում եմ հասակակիցներս, ովքեր ինչ-որ նկարներ են գցում համացանց՝ թե տեսեք մենք պայքարում ենք: Բայց վստահ եմ՝ նրանցից շատերը չէին էլ համարձակվի մոտ գնալ և կանգնել առաջնագծում: Եվ, երբ գալիս է իրիկունը, բոլորը գնում են տուն: Դա պայքար չէ: Երկու ժամ անիմաստ գոռալ, նկարվել, հետո գնալ սրճարան ու տուն, անունը դնել՝ մենք գնացել ենք ցույցի, երբ մարդիկ գիշերները դրսում են լուսացնում: Գիտեք՝ ինչքան եմ լսել՝ գնանք ցույցի, հավես ա: Ի՞նչն ա հավես, որ կարող է ոստիկանը քեզ բերման ենթարկի, տանի բաժին, թե որ աչքիդ տակը կապույտ է:
Չէ, դա մեր տեղը չէ՝ հատկապես աղջիկների մասին է խոսքը: Ես գիտակցում եմ, որ ինձ հետ մի բան պատահի, ոչ մեկը պատասխան չի տալու դրա համար: Ես անում եմ այն, ինչը իրոք ինձ է հասանելի՝ սովորում եմ: Եթե բոլորը ժամանակին մի փոքր ավել կարդային, մի փոքր ավելի հմուտ լինեին իրենց մասնագիտությունների մեջ և բոլորը լինեին իրենց տեղերում՝ այսպես չէր լինի:
Կարծում եմ՝ մենք արժանի ենք այն ամենին, ինչ հիմա կատարվում է մեր Երևանում: Սկսիր հեղափոխությունն առաջինը հենց քեզանից, որ վաղը կարիք էլ չլինի ցույցեր անելու:

Комментариев нет:

Отправить комментарий