Անսպասելի էր, անհավատալի և անկրկնելի. ահա այսպես ես կնկարագրեի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։
Շարժմանը ես միացա ապրիլի 13-ին, միանգամայն պատահական, երբ ամենանվիրված մարդիկ «տեղավորվել էին» Ֆրանսիական
հրապարակում։ Երևանում քայլում էի ընկերներիցս մեկի հետ, երբ միասին որոշեցինք գնալ
և տեսնել, թե ինչ է տեղի ունենում ֆրանսիական հրապարակում, քանի որ մինչև այդ պահը
երկուսս էլ հետևել էինք «Ազատության» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումներին։ Երբ մտանք
հրապարակ, անհասկանալի պատճառով դեմքիս ժպիտ եկավ, նայեցի կողքերս ու շնչեցի օդը ու
այդ պահին ես հասկացա, որ իրականում ֆրանսիական հրապարակից դուրս Հայաստանը ոչ ազատ
է, ոչ էլ անկախ, այդժամ, ես զգացի, թե որն է իսկական ազատությունը։ Ազատության մթնոլորտը,
որը ստեղծվել էր ինքըստինքյան, այս մթնոլորտն էր, որ արթնացրեց ինձ ու հասկացրեց.
«հիմա ժամանակն է, հիմա ճիշտ պահն է, հիմա դու ես տերը»։
Անկախ այս ամենից, ապրիլի 13-ին ֆրանսիական հրապարակում
շատ երկար չմնացի, պարզապես հետազոտեցի ու շարունակեցի ճանապարհս։ Այդ գիշեր, սակայն,
չէի կարողանում քնել, մեղքի զգացողությունը ինձ հանգիստ չէր տալիս, իրական ազատության
բացիլներն արդեն իմ արյան մեջ էին ու ես վերածվում էի ազատ, անկախ մարդու:
Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, վերադարձա Ֆրանսիական հրապարակ արդեն որպես շարժման անդամ։ Այնտեղ ես ու ընկերներս վրաններից մեկի մոտ տեղավորվեցինք
և սկսեցինք շփվել տարբեր մարդկանց հետ, այդ օրերին մասնակիցները հիմնականում արդեն
«վետերաններ» էին։ Մեզ հետ մեկ վերմակի տակ տեղավորվել էր մի երիտասրադ զույգ` սարիթաղցի
մի տղա և աղջիկ, ովքեր ծանոթացել էին նախկինում տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Նրանք
մեզ պատմում էին իրենց հեղափոխական արկածների մասին։ Պարզվում է` երկուսի հայրերն էլ
քաղբանտարկյալներ էին, ու նրանք դուրս էին եկել պայքարելու ոչ միայն բռնապետության
դեմ, այլև իրենց ծնողների ազատագրման համար։
Ահա այսպես անցկացրեցի ապրիլի 14-ը` իմ ազատության առաջին օրը` վրանի կողքին, վերմակի
տակ, նոր ընկերներիս հետ։ Նույն օրը, երբ երեկոյան տեսա հայտարարությունը դասադուլի
և ճանապարհների շրջափակման մասին, սկսեցի գործել։ Գրեցի դասընկերներիս ու պայմանավորվեցինք
հանդիպել հաջորդ օրը` ժամը 9-ին, մեր կրթահամալիրում։
Ապրիլի 15-ի առավոտյան պարապմունքից հետո ես, մի քանի
դասընկերներիս հետ մտանք ավագ դպրոցի բոլոր դասարանները ու հայտարարեցինք դասադուլի
մասին, ոմանք միացան, ոմանք պարզապես անհույս քմծիծաղ տվեցին ու շարունակեցին իրենց
դասը: Դրանից
հետո որոշեցինք Բանգլադեշի շենքերի ներսով
գնալ դեպի Հաղթանակի կամուրջ։ Բակերում
«Քայլ արա, մերժիր սերժին», «Հայաստան» և «Մենք ենք տերը մեր երկրի» գոռալով, քայլում
էինք, երբ մեզ միացավ մի աղջիկ, ով իջավ իրենց բնակարանից։ Անցանք նաև Բանգլադեշի այլ
դպրոցների մոտով, նրանք կողպեցին դռները և արհամարհանքով շարունակեցին իրենց դասը։
Ահա այսպես ես ապրիլի 15-ին հայտնվեցի շարժման ամենաթեժ վայրերից մեկում` Հաղթանակի
կամուրջի վրա, որը շրջափակվել էր։ Մարդիկ մեքենան քշում էին վրաս, փորձում էին հոգեբանական
ճնշում գործադրել, բայց ես կանգնած էի։ Նույնիսկ ձայնային ռումբի պայթելուց հետո էլ`
մենք շարունակեցինք շրջափակումները և երթերը քաղաքի տարբեր մասերում մինչև ապրիլի
23-ը։ «Իլիկ» սրճարանում նստած էինք, գրեթե բոլորը, ովքեր այնտեղ էին, հանգստանում
էին, որպեսզի վերադառնան «պոստեր»: Նստած թերթում էի PAN․am-ի էջը, երբ հանկարծ Սերժի դեմքը թռավ առաջս, ես միանգամից սկսեցի բարձր կարդալ
այն, ինչ գրված էր «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր․․․» Մի պահ բոլորը լռեցին և, ապա բոլորը գոռում էին, վազեցինք դուրս: «Սերժը հրաժարական
ա տվել» գոռալով վազում էինք, մարդիկ չէին հավատում, հետո որոշ ժամանակ անց մարդիկ
հավաքվեցին, պարում էին, գինի, շամպայն բացում, անծանոթները միմյանց հետ գրկախառնում
էին։ Հաղթանակ էր` սիրո և համերաշխության հաղթանակ։ Ահա այսպես պայքարը շարունակվեց։
Մայիսի 2-ին, նույն «Իլիկ» սրճարանում նստած` անծանոթների հետ 8 ժամ ուղիղ հեռարձակում նայեցինք: Եվ անկախ արդյունքներից` շարունակեցինք
պայքարը։
Սա հաղթանակ է, հաղթանակ է ոչ թե քաղաքական առումով,
այլ հոգեպես նույնպես, սա մեր ազգի հաղթանակն է։ Իրական պայքարը ընթանում է ոչ թե քաղաքական
որևէ ուժի դեմ, այլ մեր ներսի վախի, ստրուկի, սովետական պատերի և ներքին սատանաների
դեմ: Հաղթանակը մերն է։ Ու հիմա, նույնիսկ, եթե Ալիևը կամ Էրդողանը դառնան մեր իշխանությունը,
մենք հաղթելու ենք, որովհետև պատմական ու իսկական հայը զարթնել է, պայքարել ու սթափվել
է։ Ու չնայած այն փաստին, որ նախկին վարչապետ Սարգսյանը խնդրեց «չարթնացնել քնած հրաբուխները»,
ուրախությամբ կարող եմ հայտարարել, որ քնած հրաբուխը` հայը զարթնել է ու այն ավելի
տաք է ու ակտիվ, քան երբևէ։
Комментариев нет:
Отправить комментарий