вторник, 16 октября 2018 г.

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը արժանացել են վավերագրական վկայությունների և մենագրությունների ծավալուն մի գրականության գրված թե՛ իր ժամանակակիցներին, թե՛ հետագա մատենագիրների և պատմագիրների կողմից։
Գրական այդ հարուստ ժառանգության մեջ առանձնանում է Մեսրոպի աշակերտներից Կորյունի կոթողական գործը, որ իր «Վարք Մաշտոց»ի երկով Մաշտոցագիտության հիմքը դրեց։ Նվազ արժեքավոր չեն Մաշտոցին նվիրված Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու և Կարապետ Սասնեցու օրինակով մեծանուն մատենագիրների ընդարձակ վկայությունները:
Կիսազնվական ծագում ունեցող Վարդանի որդին էր Մեսրոպ Մաշտոցը։ 362թ.-ը ընդունված է իբրև Մեսրոպի ծննդյան թվական, բայց որոշ աղբյուրներում 361թ.-ի  Ապրիլ 5 են հիշատակում իբրև ճշգրիտ ծննդյան թվական։ Ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Հայերենից բացի  տիրապետում էր ասորերենի, հունարենի, պարսկերենի և վրացերենի։ Իբրև այդպիսին 385 թվականին, գրագրի ու ատենադպիրի պաշտոնին է կանչվում  Արշակունյաց արքունիքում, Վաղարշապատ (Էջմիածին), Խոսրով III օրոք:
Աշխարհական ու պալատական այդ ծառայության շրջանում Մեսրոպ Մաշտոցը ցավով ու դառնությամբ նկատեց, որ հայ ժողովրդի ապագան վտանգված է և իսպառ ձուլումի վտանգը օրհասական է դարձել։ Մանավանդ որ նույն այդ ժամանակաշրջանում, 387 թվին, Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Արևելյան Հայաստանը ընկավ Պարսկական տիրապետության տակ և, Արշակունյաց թագավորությունը պահպանվելով հանդերձ, պարսկերենն ու պարսկական մշակույթը սկսեցին արագընթաց տարածվել հայերի մեջ։ 
Մեսրոպ Մաշտոցն անդրադարձավ, նաև, որ 301 թվին քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանը աստիճանաբար կորցնում էր ազգային իր ինքնության պահպանմանն ու զարգացմանը ծառայող կարևորագույն զենքը, որ ինքնուրույն հավատքին և սեփական մշակույթին կառչած մեր ժողովրդի հայեցի՛ դիմագիծն էր։
Հոգևորական ծառայությանը նվիրվելով՝ Մեսրոպ Մաշտոցն ըստ էության Հայաստանի և հայ ժողովուրդի ազգային¬քաղաքական մեծ խնդիրը՝ հայոց ազգային միասնությունը և պետական անկախությունը վերականգնելու պայքարին է զինվորագրվում։ Հայոց հավատքն ու հայ մշակույթը սեփական ժողովրդին ծանոթացնելու և գրական նոր ստեղծագործություններով հարստացնելու հոգեմտավոր պայքարն էր Մեսրոպի ընտրած ուղին։ Բայց որքան ընդլայնեց հոգևոր վարդապետի և հայ մշակույթի ուսուցման իր գործունեության ծիրը, այնքան սուր կերպով անդրադարձավ հայ գրերի անհրաժեշտությանը։ Առանց հայերեն տառերի և գրավոր դպրության, անհույս էր հայ մարդկանց ասորերենով կամ հունարենով կենսագործվող քրիստոնեական հավատքը հայացնելը, ո՜ւր մնաց բազմադարյան հայ մշակույթի արժեքները նորահաս սերունդներոին սովորեցնելը, նրանց շնչով թրծելը...
Հրամայական այդ մարտահրավերին ընդառաջելու իր ամենահանդուգն քայլը Մաշտոցը նետեց, երբ  Հայոց Կաթողիկոսին՝ Սահակ Պարթևին դիմեց հայոց գրերի մշակման և հայ գրավոր դպրության ստեղծման, հատկապես քրիստոնեական սկզբնաղբյուրների հայացման առաջարկով:
Առանձնահատուկ արժևորման նյութ են թե՛ նույնինքն Սահակ Պարթևի կենսանկարը, թե՛ Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց սրբացյալ երկյակի ժառանգությունը, թե՛ Թարգմանչաց շարժման կենսագործման և հայ դպրության ժողովրդականացման մեջ նրանց մեծագույն ներդրումի գնահատումը։ Բայց այստեղ անպայման պետք է ընդգծել և շեշտել, որ Սահակ Պարթևի մեջ Մեսրոպ Մաշտոցը գտավ ոչ միայն գաղափարակից ազգային հոգեմտավոր մի գործիչ, այլև՝ հայոց գրերի գյուտի հովանավոր Կաթողիկոսը:
405 թվին արդեն Մեսրոպ Մաշտոցը սկսեց իր հայտնագործած հայերեն տառերով գրավոր մշակույթ ստեղծել՝ առաջին հերթին Սողոմոն Իմաստունի առակները թարգմանաբար հայացնելով։ Մաշտոցի նորաստեղծ հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը եղաւ՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ բանս հանճարոյ»:

Комментариев нет:

Отправить комментарий