среда, 24 октября 2018 г.

Ժամկետանց կրթական քաղաքականություն

Կարծես թե պետք է փոխվեին կրթական հիմքերը այն ամենից հետո, ինչի միջով մենք անցաք այսպիսի կառավարություն ստեղծելու համար։
Բայց ես ավելին չէի էլ սպասում։ ԿԳ նախարարը բոլոր մեծերի նման սովետական մարդ է, ով մեծացել է քննություններ տալով և խստությունը ճիշտ համարելով։ Հիմա էլ, բոլորը սպասում էին, որ կհանվեր քննությունները մեր նոր կրթական համակարգից կամ գոնե կփոխարինվեր առավել արդյունավետ ստուգման ձևի, բայց արի ու տես, որ նախարարությունը խորացնում է այդ ժամկետանց կրթական քաղաքականությունը։
Արդյո՞ք կրթությունը այսպես կզարգանա, չեմ կարծում, սովորողների ուսումնատենչությու՞նը կավելանա, հաստատ` ոչ, իսկ միգուցե մենք այդպես էլ չենք ունենա նորմալ դպրոցներ, որտեղ ուսուցիչն ու սովորողը առանց սահմանների, սիրով ու հավեսով կգան դպրոց և փոխկապակցված աշխատանքով կհասնեն լավ արդյունքերի․․․ եթե այսպես շարունակվի` հաստատ մենք չենք հասնի մեր երազած կրթական համակարգին, որին ավելին քան արժանի է սովորողը։
Ինչո՞ւ պետք է սովորողը իր պատանեկության լավագուն ժամանակը վատնի քննությանը պատրաստվելուն և շատ ու շատ անքուն գիշերներ անցկացնի՝ վախենալով ցածր ստանալ, պարապելով մինչև մազերը սպիտակեն։ Էլ չեմ խոսում քննական հարցերի մասին, մենք այդպիսի հարցերի պատասխանները պետք է սովորենք համալսարանի առաջին և շատ հաճախ երկրորդ կուրսերում, իսկ նախարարությունը պահանջում է, որ մենք այդպիսի գիտելիքների տիրապետենք մինչև ավարտելը։ Դա մեղմ ասած` հիմարություն է։ Սովորողին տանջամահ անելու ևս մի տարբերակ։ Բոլորին թվում է, թե սովորողը պարապ է։ Բայց իրականում..
Կխոսեմ իմ փորձից։ Ես 12-րդ  դասարանի սովորող եմ։ Ինչ սկսվել է սեպտեմբերը, ես պարապում եմ ավարտական և ընդունելության քննությունները լավ հանձնելու համար։ Ես ամեն օր հաճախում եմ 3 անհատական պարապունքների։ Առավոտյան գալիս եմ դասի, հետո գնում պարապունքի, որ էլի դաս անեմ և վերջապես մթնով հասնում եմ տուն, որ մինչև ժամը 12 անեմ այդ դասերի տնայինները։ Սա կյանք չի կարող համարվել, առողջ մտքով ոչ մեկը չի համաձայնվի այդպիսի ռեժիմի։ Չեմ էլ հասցնում սնվել, դժվար թե կարողանամ առանց առողջության կորուստների ընդունվել։ Եվ միայն ես չեմ այդպես, հարյուրավոր սովորողներ գիրք ու տետր ավելի շատ են տեսնում, քան ընտանիքի անդամներին։ Հոգնածությունն անտանելի է։ Անկեղծ` հույս ունեի, որ մի բան կփոխվի նոր կառավարության հետ, բայց մի մեծ հիասթափություն ապրեցի՝ իմանալով, որ սովորողի շահերը ոտնահարվում են այդպիսի հեշտությամբ և բացահայտ, իսկ հասարակությունը թքած ունի դրա վրա։ Իսկ հիմա ես՝ որպես սովորող հայտնում եմ, որ ես կամ, ունեմ կարծիք, ունեմ իրավունքներ, ունեմ դպրոցից դուրս ապրելու և կյանքը վայելելու իրավունք։
Հարգելի ԿԳ նախարարություն, մի՛ ոտնահարիր իմ իրավունքները։ 

Комментариев нет:

Отправить комментарий