суббота, 10 мая 2025 г.

Ուեդա Ակինարի «Դատողություններ աղքատության և հարստության մասին»

 Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Ուջիսատո Գամոն՝ Մուցու նահանգի կառավարիչը, ուներ Սանայ Օկա անունով վասալ։ Սանայը հարուստ էր և ազնվական, հայտնի էր իր ռազմական քաջությամբ, և նրա անունը գիտեին էր ամբողջ Կանտո շրջանում։ Նա ուներ մեկ արտասովորություն։ Նա հարստացմանը ձգտում էր ավելի շատ, քան մյուս սամուրայները։ Նա խնայողությունը համարում էր բարձրագույն առաքինություն, և այդ պատճառով նրա տունն ամեն տարի բարգավաճում ու հարստանում էր։ Ռազմական հոգսերից ազատ օրերին նա չէր վայելում թեյի համն ու բույրը, այլ իր սիրտը շոյում ոսկու կույտի տեսքով, որը սփռում էր իր առջև հատակին։ Եվ այդ զբաղմունքը նրա համար ոչ պակաս հաճելի էր, քան այլ մարդկանց համար լուսնով ու ծաղիկներով հիանալը։ Բոլորին զարմացնում էր Սանայի նման վարմունքը, համարում էին նրան ժլատ և խուսափում նրանից։

Մի անգամ Սանային ասացին, որ իր հին ծառաներից մեկը խնամքով պահում է ոսկե մետաղադրամ։ Սանայն իր մոտ կանչեց այդ ծառային և ասաց. «Մեր անհանգիստ ժամանակներում նույնիսկ Կունիպան լեռան թանկարժեք քարերը կարծես կղմինդրասալիկ են: Լավ է, մարտիկ ծնված մարդուն հիմա ունենալ Տոկեյի կամ Բոկույոյի կողմից պատրաստված սուր: Իսկ ավելի լավ է ոսկի ունենալ: Բայց նույնիսկ լավագույն սուրով հնարավոր չէ պաշտպանվել հազարավոր թշնամիներից, և ոսկու ուժով կարելի է նվաճել ամբողջ աշխարհը: Մարտիկը երբեք չպետք է մոռանա դրա մասին։ Մարտիկը անընդհատ պետք է ոսկի հավաքի: Քո ցածր կոչման համար դու ունես ավելի շատ փող: Գովում եմ և չեմ թողնի առանց պարգևի»: Այդպես ասելով, Սանայը ծառային տասը ոսկե դրամ պարգևեց և թույլ տվեց նրան սուր կրել։ Երբ դա հայտնի դարձավ, մարդիկ հասկացան, որ Սանայը այն ժլատներից չէր, ովքեր ագահությունից դրդված գանձեր են հավաքում։ «Այսօրվա դրությամբ նման մարտիկներ քիչ կան», — ասում էին բոլորը։

Այդ գիշեր Սանայը արթնացավ լսելով, որ ինչ-որ մեկը մոտենում է նրա գլխավերևին։ Բացելով աչքերը նա տեսավ մի փոքրիկ ծերունու, որը նստած էր աշտանակի տակ և ժպտում էր։ Սանայը վեր կացավ և հանգիստ, առանց վախի ասաց. «Ո՞վ ես։ Աշխատանքի համար ինձ մոտ գալիս են առողջ և ուժեղ մարդիկ։ Ըստ երևույթի աղվես կամ գորշուկ, քողարկված որպես զառամյալ ծերունի, եկել է ինձ մոտ և խանգարել քունս։ Դե, ցույց տուր ինձ, ինչ արվեստ գիտես։ Զվարճացրու ինձ, քանի դեռ քնած չեմ»։

Ծերունին ասաց. «Ես փոխակերպուկ չեմ, բայց նաև մարդ չեմ։ Ես ոսկու Հոգին եմ, որը դու այդքան մեծարում ես։ Դու տարիներ շարունակ հոգում և փայփայում ես ինձ, ես գոհ եմ դրանից, և, ահա, եկել եմ քեզ մոտ գիշերային զրույցի։ Տեսնելով, թե ինչպես այսօր պարգևատրեցիր ծառային, ես որոշեցի բավականություն ստանալ քեզ հետ զրուցելով, որի համար ժամանակավորապես ընդունեցի այս տեսքը։ Ճիշտ է, մեր զրույցից դու ոչինչ չես շահի, դու չես վերադարձնի ծառային պարգևած տաս ոսկե մետաղադրամից ոչ մեկը, բայց միևնույն է, որոշեցի խանգարել քո հանգիստը, քանի որ չարտահայտվածը ծանրանում է սրտի վրա։

Եղիր հարուստ, բայց մի՛ տրվիր շռայլություններին, սա է մեծ իմաստունների պատգամը։ Աշխարհում ասում են, որ հարուստը անպայման չարասիրտ է, հարուստը պարտադիր հիմար է։ Սա տհաճ ասացվածք է, այն վերաբերում է միայն այնպիսի գիշատիչներին և սողուններին, ինչպիսիք են Շի-ձյունը և Վան Յուան-բաոն։ Ովքե՞ր էին հարուստ հին ժամանակներում։ Մարդիկ, որ գիտեին տարվա եղանակների փոփոխությունը և կարողանում էին   բերրի հողեր գտնել:

Հարստությունը նրանց մոտ ինքնին էր գալիս։ Երբ Լու Վանին աքսորեցին Ցի, նա այնտեղի ժողովրդին սովորեցրեց արհեստներ, և նույնիսկ ափամերձ բնակիչները սկսեցին խմբվել նրա մոտ աշխատանքի համար։ Գուան Չժուն-ձյուն օգնեց իր տիրակալին համախմբել բոլոր իշխաններին։ Նա հարստությամբ գերազանցում էր ցանկացած տիրակալի, բայց նա ընդամենը վասալ էր։ Ֆան Լին, Ցզի Գոնը և Բայ Գույը հսկայական հարստություններ կուտակեցին առևտրի միջոցով։ Այս բոլոր մարդկանց կյանքը նկարագրված է «Հուա ջի-ջուան»-ում՝ «Հարստացման տարեգրություն»-ում, և միայն փերամտությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ հետագայում գիտնականները իրար ընդհատելով նկարագրում էին նրանց որպես նողկալի և ստոր մարդկանց։

Ով չունի հաստատուն վիճակ, չունի ամուր հոգի։ Գյուղացին պետք է իր քրտինքով հացահատիկ աճեցնի, հմուտ արհեստավորը պետք է նրան օգնի, վաճառականը պետք է իմանա նրանց կարիքները, շրջանառության մեջ դնի իր ունեցվածքը և մեծացնի իր ընտանիքի հարստությունը՝ իր նախնիների փառքի և իր սերունդների երջանկության համար։ Էլ  ինչի՞ համար է ապրում մարդը, եթե ոչ դրա համար։ Ինչպես ասվում է ասացվածքում. «Հազար ոսկե մետաղադրամով փողոցում չեն մահանում, հարուստին նույն ուրախությունները, ինչ իշխանին»։ Իսկապես, որքան խորն է ծովը, այնքան ավելի մեծ ուրախությամբ են զվարճանում ձկները, որքան ընդարձակ է անտառը, այնքան ավելի ազատ է վազում գազանը, այդպիսին են երկնքի օրենքները։ Ասում են, որ միայն աղքատն է անկարիք ապրում։ Հենց այդ հավելասույթն է, որը շփոթեցնում է այն մարդկանց, ովքեր սովորել են գրել և բանաստեղծություններ հորինել։ Ռազմիկները նույնպես անընդհատ մոռանում են, որ հարստությունը պետության հիմքն է։ Նրանք միայն խորամանկ ծրագրեր են մշակում, ոչնչացնում են ունեցվածքը և կործանում մարդկանց, շեղվում առաքինության ճանապարհից և իրենք են ոչնչացնում իրենց ցեղը, և այդ ամենն այն պատճառով, որ արհամարհում են փողը և պատիվը դասում ամեն ինչից վեր։

Եթե ​​մտածենք, ապա ընդհանրապես հարկավոր չէ ունենալ երկու հոգի՝ և՛ պատվի, և՛ հարստության ձգտելու համար։ Ո՞ւմ են սովորաբար անվանում իմաստուններ։ Մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ սովորել են հիերոգլիֆներով աշխատել, արհամարհել են ոսկու ուժը, հայտարարել են իրենց մաքուր և մնացել են պարապ՝ թողնելով խոփը։ Այդ մարդիկ միգուցե խելացի են, բայց խելացի չեն նրանց գործողությունները։ Ոսկին յոթ գանձերից ամենամեծն է։ Թաքնված լինելով գետնի տակ, այն սկիզբ է տալիս հրաշագործ աղբյուրներին, այն զերծ է ամեն տեսակի անմաքրությունից, այն պարունակում է հրաշալի հնչյուններ։ Այդյո՞ք հնարավոր է, որ այս մաքուր ու պարզ մետաղը հոսի միայն հիմար ու ժլատ մարդկանց ձեռքը։ Ինձ հաճելի է քեզ հետ զրույցում թափել այն վրդովմունքը, որը տարիներ շարունակ կուտակվել է իմ սրտում»։

Հետաքրքրված Սանայը մոտեցավ ծերունուն և ասաց. «Ձեր խոսքերը բնավ չեն տարբերվում իմ մտքերից, որ հարստության ճանապարհով գնալն արժանի է հարգանքի։ Բայց ես ունեմ մեկ հիմար կասկած, և կցանկանայի, որ դուք այն հերքեք։ Դուք հենց նոր խոսեցիք այն մասին, թե որքան հանցավոր է արհամարհել ոսկու ուժը, չհասկանալ հարստության մեծությունը։ Մինչդեռ կա իմաստ ձեր նշած գրքամոլների նախատինքներում։ Մեր օրերի հարուստ մարդիկ, համենայն դեպս նրանց ութ տասներորդը, իսկապես արտասովոր ագահ և դաժան են։ Մենք հսկայական եկամուտներ ենք ստանում մեր կալվածքներից, բայց մատը մատին չենք խփում օգնելու մեր եղբայրներին, մեր հարազատներին, մեր ծառաներին, ովքեր սերնդե-սերունդ ծառայել են մեզ։ Մենք փորձում ենք մեծացնել մեր ունեցվածքը մեր կործանված հարևանի հաշվին՝ վճարելով նրան չնչին գին, հաճախ նրա կամքին հակառակ։ Դառնալով հարգված մարդիկ, գյուղի ավագներ, մենք հրաժարվում էնք մարդկանց վերադարձնել հին պարտքերը։ Քաղաքավարի մարդուն, ով զիջեց մեզ իր տեղը, մենք սկսում ենք արհամարհել, իսկ երբ հին ընկերները մեզ այցելում են, մենք նրանց չենք ընդունում վախից, որ նրանք կարող են պարտք խնդրել։ Եվ կան մարդիկ, ովքեր հավատքով և անկեղծ ծառայում են տիրոջը, մեծարում են ծնողներին, վայելում են համընդհանուր հարգանք և միշտ լի են կարիքավորներին օգնելու ձգտումով։ Բայց ինչ-որ պատճառով, ձմռան ցրտին նրանք ստիպված են քնել և արթուն մնալ նույն հագուստով, ամառային շոգին նրանք ժամանակ չունեն լվանալու իրենց միակ վերնաշապիկը, իսկ ամենաբերքառատ տարիներին նախաճաշին և ընթրիքին նրանք բավարարվում են մի բաժակ բրնձի շիլայով։ Այդպիսի մարդկանց ընկերները չեն այցելում, նրանցից խուսափում են հարազատները, ոչ ոք նրանց հետ չի շփվում, և նրանք չունեն մարդ, որին կարող են իրենց դառնության զգացմունքները հայտնել։ Նրանց ամբողջ կյանքն անցնում է ծանր աշխատանքի մեջ։ Գուցե նրանք ծո՞ւյլ են։ Ո՛չ, նրանք  արթնանում են վաղ, պառկում են քնելու ուշ, ուժասպառ են լինում, ժամանակ չունեն շուրջը նայելու և, այնուամենայնիվ, նրանք հիմար չեն, նրանց միտքը գործում է, բայց նրանցից քչերին է հաջողվում կյանքում հաջողության հասնել։

Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն փիլիսոփաների հետ, ովքեր փառաբանում են աղքատության մաքրությունը։ Բուդդայի ուսմունքի համաձայն՝ նման անհույս կյանքը տրվում է որպես պատիժ անցյալ կյանքում կատարված չարագործությունների համար, իսկ կոնֆուցիականությունն ամեն ինչ բացատրում է որպես երկնքի կամք։ Եթե  ​​այս կյանքի ազատասեր և ակամա բարի գործերն իսկապես ազդեցություն  ունենաին ապագա կյանքի վրա, ապա մարդիկ շատ շուտով կդադարեին  լինել չար։ Հարստության պատճառի վերաբերյալ միայն Բուդդայի ուսմունքում է մեկնաբանվում,  իսկ կոնֆուցիականությունը բավարարվում է անորոշ պնդումներով։ Դուք, հավանաբար, Բուդդայի ուսմունքի հետևորդ եք։ Իսկ եթե դա այդպես չէ, ապա բարեհաճեք պարզաբանել իմ կասկածները»։

Ծերունին պատասխանեց. «Քո տված հարցի շուրջ բանավեճերն հնուց են  վարվում։ Բուդդան սովորեցնում է, որ հարստությունն ու աղքատությունը պարգև կամ պատիժ են անցյալ կյանքում կատարված մեղքերի համար։ Բայց չէ՞ որ այդ ուսմունքը պատճառահետևանքային փոխադարձ կապի մասին է։ Անցյալ կյանքում մարդն արդար էր, գթասիրտ և մարդկանց հետ վարվում էր սրտալի բարությամբ։ Հաջորդ կյանքում, որպես պարգև, նա ծնվում է հարուստ ընտանիքում։ Ապա ինչո՞ւ է նա հիմա պարծենում իր հարստությամբ, ձգտում է ցույց տալ իր իշխանությունը բոլորի նկատմամբ, դատարկ խոսակցություններ վարում, նողկալիություններ  անում։ Ի՞նչ մեղքերի համար է նրա հոգին, որն այդքան մաքուր և վեհ էր անցյալ կյանքում, դառնում է զազրելի։

Ես լսել եմ, որ Բուդդան արհամարհում էր հարստությունը, այդ պատճառով դժար թե նա զբաղվում է աղքատության և հարստության հարցերով: Խոսակցությունները, որ հարստությունը պարգև է բարի գործերի համար, իսկ աղքատությունը՝ մեղքերի պատիժ, նախատեսված են հիմար կանանց համար։ Անկախ նրանից  աղքատ  ես, թե հարուստ, եթե մարդն ամբողջ սրտով նվիրվում է բարի գործերին, նա ինքն էլ երջանիկ կլինի և իր երեխաներին երջանկություն կպարգևի։ Դա ճիշտ համապատասխանում է  ասացվածքին. «Ձյու կայսրը հյուր ընդունեց, և նրա սերունդները վայելեցին դրա պտուղները»։ Մարդն, ով բարի  գործ է անում վարձատրության հույսով, չի կարող ունենալ մաքուր սիրտ։

Ըստ ինձ, չար ու ագահ մարդիկ հարստանում են, ապրում են երկար  և իրենց կյանքն ավարտում են գոհունակության մեջ բոլորովին այլ պատճառով։ Հիմա ես  կբացատրեմ քեզ։ Ես ժամանակավորապես մարդու տեսք ընդունեցի քեզ հետ զրուցելու համար, բայց ես ո՛չ աստված եմ, ո՛չ էլ Բուդդա։ Ես չունեմ  զգացմունքներ զգալու ունակություն, և իմ սիրտը մարդկանց սիրտի նման չէ։ Հին ժամանակներում հարստանում էին այն մարդիկ,  ովքեր գիտեին տարվա եղանակների փոփոխությունը և կարողանում էին  բերրի հողեր գտնել։ Նրանք ձեռք բերեցին ունեցվածք և հարստություն։ Աշխատում էին նրանք երկնքի օրենքներին համապատասխան, և ոսկին նույնպես  հավաքվում էր  նրանց ձեռքում երկնքի օրենքներին համապատասխան։

Սակայն, փողը նույն  բնական կերպով կուտակվում է նաև նրանց ձեռքում, ովքեր փողն ավելի շատ են սիրում, քան իրենց ծնողներին, ովքեր փողի համար անտեսում են սնունդն ու հագուստը, ովքեր ամոթալի չեն համարում ամեն ինչ զոհաբերել փողի համար, ովքեր նրանց պատճառով չգիտեն  հանգստություն  ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։ Կրկնում եմ՝ ես ո՛չ Աստված եմ, ո՛չ էլ Բուդդա, և ես չեմ կարողանում  անհանգստանալ։ Բարին ու չարը ինձ համար անտարբեր են, և ինձ համար միևնույն է  մարդիկ բարի արարմունքներ են  անում, թե՞ չար։ Բարու համար պարգևատրելը, չարի համար պատժելն երկնքի՝ աստվածների և Բուդդայի, գործն է։ Ես չեմ կարող խառնվել նրանց գործերին։ Միայն իմացի, որ փողը կուտակվում է այն մարդկանց մոտ, ով սիրում և հարգում են նրանց։ Քանզի թեև փողը ունի հոգի, այն այնպիսի չի, ինչ մարդկանց հոգին։

Մյուս կողմից, եթե հարուստը, նույնիսկ լավագույն մտադրություններով, անխոհեմորեն ծախսի, ողորմություն բաժանի և վարկ  տա անազնիվներին, վերջի վերջո նա անխուսափելիորեն կսնանկանա, նույնիսկ եթե նա բարեպաշտ էր։ Այդպիսի մարդն արագ կվատնի իր հարստությունը, որովհետև գիտի ինչպես օգտագործել փողը, բայց չգիտի դրաց հատկությունները և անլուրջ է վերաբերվում դրանց։ Իսկ մյուսը խնայող է ու համեստ, բարի է մարդկանց հանդեպ, բայց նրան ամբողջ կյանքում տանջում ու ճնշում են։ Հետևաբար, նա չուներ երկնային արարչի օրհնությունը, և որքան էլ որ նա ջանար, չէր հարստանալու։ Հին ժամանակներում իմաստունները ասում էին. «Փորձիր շահույթ ստանալ քո աշխատանքից, իսկ եթե չի ստացվում, ապա ավելի լավ է  ճիգ մի թափի»: Եվ նրանք էլ նույնպես վարվեցին՝ գնում էին աշխարհից անտառներ ու լեռներ, և խաղաղ ապրում այնտեղ մինչև իրենց մահը։ Հետագայում նրանց սխալմամբ համարեցին անշահասեր և հիանում էին նրանց հոգևոր մաքրությամբ։ Այլ կերպ ասած՝ հարստությունը հմուտներին է տրվում։ Խելացին հարստանում է, իսկ հիմարը կորցնում է փողը ավելի հեշտ, քան կղմինդրասալիկն է կոտրվում։ Մենք՝ փողերս, չենք կապվում մարդու հետ, մեզ համար չի կարող լինել սիրելի տեր։ Հիմա մենք կուտակվում ենք մեկի մոտ, բայց նա մեզ հետ թեթևամտորեն վարվեց, և մենք անմիջապես վազում ենք մյուսի մոտ։ Մենք ջրի պես ենք, որ հոսում է ցածրադիր վայրում։ Մենք հանգիստ չգիտենք և գիշեր-ցերեկ ձեռքից ձեռք ենք քոչում։ Մենք  չենք մնում անբանի մոտ։ Եթե նա նույնիսկ սարի չափ փող ունենա` նա այն կխժռի։ Թող լինեն ոսկու ծովեր՝ նա կխմի դրանք։ 

Եվս մեկ անգամ ասում եմ քեզ, ազնիվ մարդը չպետք է վիճի, արդյոք արդարացի է, որ մեղավորը գանձեր ունի։ Եթե ​​մարդն հմուտ օգտվի հնարավորությունից, լինի խնայող  և չդադարի աշխատել, նա կբազմացնի իր հարստությունը և կարժանանա մարդկանց հարգանքին։ Մեզ՝ փողերիս, համար միևնույնն է նախորդ կյանքը, որի մասին խոսում է Բուդդայի ուսմունքը, մեզ չի վերաբերում երկնքի կոնֆուցիական կամքը, մենք մարդկային բարուց և չարից դուրս ենք»։

Սանայը հիացմունքով բացականչեց. «Ձեր դատողությունները հրաշալի են։ Իմ հին կասկածները փարատվեցին ինչպես ծուխ։ Բայց թույլ տվեք ևս մեկ հարց տալ։ Այժմ Տոյոտոմիի [1] իշխանությունը հաստատվել է ամենուրեք, և շրջաններում ու նահանգներում խաղաղություն է տիրել։ Բայց պարտված իշխանների վասալները դեռ կենդանի են, նրանք թաքնվում են, գաղտնի են պահում իրենց գործունեությունը, նրանք ծառայության են անցնում այլ իշխանների մոտ և, նոր  խռովությունների սպասելով, դավադիր ծրագրեր են մշակում։ Եվ պատերազմներից տանջված ժողովուրդը խոփը փոխարինել է նիզակով և լքել է գյուղացիական աշխատանքը։ Նման ժամանակներում ռազմիկը չի կարող խաղաղ քնել։ Դժվար թե ներկայիս իրավիճակը կարող է շարունակվել անվերջ։ Ո՞վ, ի վերջո, կմիավորի  և կբերի  խաղաղության մեր ժողովրդին։ Եվ ո՞ւմ կողմից  դուք կլինեք»։

Ծերունին պատասխանեց. «Այդ բոլորը մարդկային գործեր են, և ինձ հարկավոր չէ դրանց մասին իմանալ։ Այնուամենայնիվ, կարող եմ ցույց տալ քեզ հարստության իմաստը։ Սինգենը [2] հիանալի հրամանատար էր, բայց իր ամբողջ կյանքում նա կարողացավ տիրանալ միայն երեք նահանգների։ Թեև  նրա ռազմական քաջության համբավը թնդում էր երկրով մեկ։ Ասում են, մահից առաջ նա ասել է. «Զորապետ Նոբունագաին [3] երջանկությունն է ուղեկցում։ Ես միշտ արհամարհել և անտեսել եմ նրան ու պատժվել եմ դրա համար։ Իմ երեխաները նույնպես կմեռնեն նրա սրից»։ Քենսինը [4]  նույնպես քաջ հրամանատար էր։ Սինգենի մահից հետո աշխարհում ոչ ոք չէր կարող հավասարվել նրան։ Դժբախտաբար, նա վաղ մահացավ։ Նոբունագան նույնպես տարբերվում էր ակնառու մարտական ​​հատկություններով, բայց տաղանդով  չէր հասնում Սինգենին, իսկ քաջությամբ Քենսինին։ Սակայն նա ուներ  փող, և որոշ ժամանակով ամբողջ երկիրը նրա վերահսկողության տակ էր։ Բայց դատելով այն փաստից, որ նրան ծաղրուծանակի համար սպանեցին սեփական վասալները, չի կարելի ասել, որ նա  կրթված էր գիտության և ռազմական հարցերում։ Ինչ վերաբերում է Տոյոտոմի Հիդեյոսիին, ապա նրա ծրագրերը հիանալի են, չնայած   դրանք նրա մոտ հայտնվել են ոչ այնքան վաղուց։ Դա ակնհայտ է այն փաստից, որ նա հորինել է իր ընտանեկան անունը՝ Հասիբա, վերցնելով մեկական հիերոգլիֆ Սիբատա և Թամբա անուններից, որոնց  նախանձում էր իրենց ազնվականության և հարստության համար։Հիմա, դառնալով վիշապ  և երկինք թռչելով, նա մոռացավ, որ   ճահճի մեջ էր նստած։ Թեև նա կերպարանափոխվեց վիշապի, նրա բնույթը գորտի է։ Ասում են, որ վիշապի կերպարանափոխված գորտը երեք տարուց ավելի չի ապրում։ Ճիշտ է, և Տոյոտոմին երկար չի դիմանա։ Ոչ մի տեղ և երբեք վատնողի տիրապետությունը երկար չի տևել։ Սակայն, չնայած նրան, որ խնայողությունը պաշտպանում է մարդուն, այն հեշտությամբ կարող է վերածվել ժլատության։ Ուստի, անհրաժեշտ է հստակ տարբերել  որտեղ է ավարտվում խնայողությունը և սկսվում ժլատությունը։  Իսկ Տոյոտոմիին իշխելու քիչ մնաց։ Հեռու չէ այն օրը, երբ հանգստություն գտած ժողովուրդը կերգի բերքահավաքի երգերը։ Մնացածի մասին ինքդ մտածի»։ Եվ ծերունին Սանային կարդաց այս բանաստեղծությունը.

Կայսեր Սյաոյի լուսավոր օրերին

Ժողովուրդը վերադարձավ իրենց օջախներին։ [5]

Հենց որ ծերունին կարդաց վերջին խոսքերը, հեռվում գտնվող տաճարի զանգը զարկեց  հինգերորդ պահակախումբը։ «Ահա և լուսաբացը, — ասաց ծերունին։ — Այժմ ես կբաժանվեմ քեզ հետ։ Ներիր, որ իմ երկար դատողությունները չթողեցին քեզ քնել»։ Նա վեր կացավ և հանկարծ անհետացավ, կարծես հալվեց։

Սանայն երկար մտածեց այս գիշերային զրույցի մասին։ Իսկ երբ նա հիշեց  «Ժողովուրդը վերադարձավ իրենց օջախներին»  տողերը և հասկացավ դրանց իմաստը, նրա սիրտը լցվեց խորը հավատով ապագայի նկատմամբ։ Հիրավի կգան երջանիկ օրեր։

1768թ.

***

[1] Տոյոտոմի —  Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Օդա Նոբունագայի կողմից սկսած Ճապոնիայի վերամիացումը։

[2] Սինգեն  Տակեդա Սինգեն, դայմյո, Սենգոկու  ժամանակաշրջանի («Պատերազմող պետություններ»,1467–1568) ռազմական առաջնորդ:

[3] Նոբունագա — Օդա Նոբունագա, Սենգոկու ժամանակաշրջանի ռազմական և քաղաքական առաջնորդ, Ճապոնիայի պատմության ամենաակնառու սամուրայներից մեկը, ով իր կյանքը նվիրեց երկրի միավորմանը։

[4] Քենսին —  Ուեսուգի Քենսին, դայմյո, որը կառավարում էր Էչիգո նահանգը, Ճապոնիայի պատմության մեջ Սենգոկու ժամանակաշրջանի ամենահզոր զորավարներից մեկը։ Ուեսուգի Քենսինի և Տակեդա Սինգենի միջև առճակատումը դարձավ  լեգենդար, որի հետևանքով ճապոնական արվեստում մեծ տարածում գտավ:

[5] Անդրադարձ Տոկուգավա Իեյասուին, որը «խաղաղեցրեց» Ճապոնիան

Աղբյուր.

Уэда Акинари «Рассуждение о бедности и богатстве»

Комментариев нет:

Отправить комментарий