среда, 23 апреля 2025 г.

Նացումե Սոսեկի «Տասը երազ»

 Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Երրորդ գիշեր


Երազ էի տեսնում։

Մեջքիս հինգ տարեկան տղա էի տանում։ Ես գիտեմ, որ նա իմ երեխան է: Բայց  տարօրինակն այն է, որ մի օր նա կուրացավ և դարձավ փոքրիկ բուդդայական վանական: Հարցիս. « ե՞րբ ես կուրացել», նա պատասխանեց. «կարծես չգիտես, արդեն շուտվանից»:

Ձայնը, անկասկած, երեխայի ձայն էր, բայց նա խոսում էր մեծահասակի պես՝ հավասար պայմաններում։

Շուրջբոլորը կանաչում էին բրնձի դաշտերը։ Ճանապարհը նեղ էր։ Մթության մեջ երբեմն նկատելի էին ծկնկուլների ուրվագծերը։

—  Մենք բրնձի դաշտերի մեջտեղում ենք, չէ՞, — լսվեց մեջքի ետևից։

— Ո՞րտեղից գիտես, —  շրջվելով զարմացած հարցրեցի։

— Չէ՞ որ ծկնկուլներն են բղավում,  — պատասխանեց նա:

Հենց այդ պահին, իրոք, ծկնկուլները երկու անգամ բղավվեցին։

Թեև նա իմ տղան էր, բայց ես վախեցա։ Նման բեռով չգիտես, թե ինչ կարող է պատահել հետո: Գուցե ինչ-որ տեղ թողնե՞մ, մտածեցի և, նայելով հեռու, մթության մեջ տեսա անտառի մեծակույտը։ Հենց որ մտածեցի «գուցե թողնեմ նրան այնտեղ», մեջքի ետևից լսվեց.

—Հի-հի!

— Ի՞նչ կա ծիծաղելու:

Երեխան չպատասխանեց։ Պարզապես հարցրեց.

—Հայրիկ, քեզ համար ծանր չէ՞:

—Ոչ, — պատասխանեցի ես:

— Շուտով ծանր կլինի, — ասաց նա։

Ես լուռ գնում էի դեպի անտառ։ Ճանապարհը պտույտ էր գալիս, բրնձի դաշտերը կարծես վերջ չունեին։ Որոշ ժամանակ անց ճանապարհը երկատվեց։ Ճամփաժանի մոտ ես կանգ առա հանգստանալու:

— Այստեղ պետք է մի քար կանգնած լինի, — ասաց փոքրիկ վանականը:

Եվ իսկապես,  ուղղանկյուն քար  մարդու հասակի կեսով չափ։ Քարի վրա գրված էր. «Ձախում Հիկկուբոն է, աջում՝ Հոտահարան»։ Չնայած մթությանը, կարմիր հիերոգլիֆները հստակ երևում էին։ Նրանք թունավոր շառագունում էին, ինչպես կարմրափոր տրիտոնի փորը։

—Թեքվիր ձախ, — հրամայեց փոքրիկ վանականը:

Ես նայեցի ձախ, և քիչ առաջվա եղած անտառի սև ստվերն ամբողջությամբ ծածկեց մեզ: Ես կանգնած էի անվճռականորեն։

—Մի՛ վախեցի, — նորից ասաց նա:

Ու ես ակամայից քայլեցի դեպի անտառ։ Ես մտածեցի. «Նա ամեն ինչ գիտի, թեև կույր է»: Երբ ուղիղ ճանապարհը բերեց անտառ, մեջքի ետևից լսվեց.

— Օ՜, այնքան վատ է լինել կույր և անօգնական:

—Բայց  չէ՞ որ ես քեզ տանում եմ:

— Ինձ, իսկապես, անհարմար է, որ դու ստիպված ես ինձ տանել։ Վատ է, երբ շուրջ բոլորը ծաղրում են քեզ։ Նույնիսկ ծնողներ։

Ես ուզում էի որքան հնարավոր է շուտ ազատվել նրանից։ Եվ ես շտապեցի անտառ՝ մտածելով նրան այնտեղ թողնել։

— Մի քիչ էլ, ու դու ամեն ինչ կհասկանաս։ Ճիշտ նույնպիսի երեկո էր, — կարծես ինքն իրեն ասաց նա։

—Ինչի՞ մասին ես, — զայրույթից կտրատվող ձայնով հարցրեցի ես։

—Ինչի՞ մասին: Կարծես չգիտես, — պատասխանեց երեխան ծաղրելով։

Եվ այստեղ ինձ թվաց, որ ես իսկապես գիտեմ, թե ինչի մասին է նա խոսում։ Բայց չեմ կարողանում հիշել, թե կոնկրետ ինչ։ Միայն հիշեցի, որ նույնպիսի երեկո էր։ Մի քիչ էլ, և ես ամեն ինչ կհիշեմ: Դա սարսափելի կլինի: Պետք է հանգստանալ և արագ թողնել նրան, քանի դեռ չեմ հիշել, մտածում էի ես արագացնելով քայլերս։

Միայն հիմա նկատեցի, որ անձրևում է։ Շուրջը արագ թանձրանում էր խավարը։ Ես գրեթե հուսահատվեցի և միայն զգում էի, թե ինչպես է փոքրիկ վանականը սեղմվում մեջքիս։ Այս փոքրիկ վանականի մեջ, ինչպես հայելու մեջ, որը ցույց է տալիս ամեն ինչ մինչև մանրուք, արտացոլված էր իմ ողջ անցյալը, ներկան ու ապագան: Բայց նա իմ որդին էր։ Եվ կույր էր: Դա անտանելի էր։

— Եկա՛նք, եկա՛նք: Այ այս կրիպտոմերիան:

Չնայած անձրևի աղմուկին, փոքրիկ վանականի ձայնը պարզ լսվում էր։ Ես ակամայից կանգ առա։ Մենք աննկատ հայտնվեցինք անտառի թավուտում։ Ծառը, որը մթնում էր ընդամենը երկու մետր առաջ, իրակապես պարզվեց, որ կրիպտոմերիա է:

— Հայրիկ, հենց այս կրիպտոմերիայի տակ է ամեն ինչ եղել, հիշո՞ւմ ես:

— Այո, այո, — արագ պատասխանեցի ես:

— Բունկայի հինգերորդ տարին[1], Վիշապի տարի։

«Կարծես, իսկապես Բունկայի հինգերորդ տարում էր, Վիշապի տարում», — մտածեցի ես:

— Դու սպանեցիր ինձ ուղիղ հարյուր տարի առաջ։

Նա չհասցրեց խոսքը ավարտել, ինչպես ես անմիջապես հիշեցի, որ հարյուր տարի առաջ, Բունկայի հինգերորդ տարում, նույնպիսի մութ երեկոյան, այս կրիպտոմերիայի տակ,  սպանեցի մի կույր մարդու։ Եվ երբ հասկացա, որ ես մարդասպան եմ, մեջքիս ետևում գտնվող երեխան ծանրացավ, ինչպես Ջիձոյի[2] քարե արձանը։

***

[1] Բունկայի հինգերորդ տարի — 1808թ.

[2] Ջիձո — բոթհիսաթթվա Կրիշիգարբհի (սանսկրիտ): Ճապոնիայում հարգվում է որպես ճանապարհորդների և երեխաների պահապան: Ջիձոյի քարե արձանները տեղադրված են բուդդայական տաճարներում, ճանապարհների եզրերին և երեխաների գերեզմաններին։

Աղբյուրը.

Нацумэ Сосэки «Десять снов»

Комментариев нет:

Отправить комментарий